հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Դատարանը չթույլատրեց Արմեն Գևորգյանին միջնորդությանը չվերաբերող քաղաքական ելույթ ունենալ

Դատարանը չթույլատրեց Արմեն Գևորգյանին միջնորդությանը չվերաբերող քաղաքական ելույթ ունենալ

«Մարտի 1»-ի գործով այսօր դատավարության ժամանակ ամբաստանյալներից նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը միացավ իր փաստաբանի՝ դատավոր Դանիբեկյանին բացարկ հայտնելու միջնորդությանը՝ ելույթում հնչեցնելով քաղաքական գնահատականներ, անդրադառնալով նաև Արցախյան վերջին պատերազմին:

«Այս ողջ դատական պրոցեսը եղել է մի հրեշավոր ծրագրի կարևոր օղակներից մեկը, հրեշավոր ծրագիր, որ ենթադրում էր բաժանել հասարակությունը սևի ու սպիտակի...»,- իր հայտարարության մեջ ասաց ամբաստանյալ Արմեն Գևորգյանը:

Սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը չթույլատրեց շարունակել ելույթը՝ նշելով, որ նրա հայտարարությունները դուրս են գալիս դատավարության շրջանակներից: «Դատարանը պետք է ընդհատի, քանի որ քննարկում եք միջնորդությանը չվերաբերող թեմաներ, և մի՛ վերածեք դատավարությունը քաղաքական հարցերի քննարկման»,- ասաց դատավոր Դանիբեկյանը՝ զգուշացնելով, որ եթե նա շարունակի ելույթը նույն ոճով, կզրկվի ձայնի իրավունքից:
 

Գևորգյանը, սակայն, շարունակեց ելույթը՝ գնահատականներ տալով նաև Արցախյան վերջին պատերազմում կատարվածին, և դատավոր Դանիբեկյանն ընդհատեց նրան:

«Ես ուզում հայտարարել, որ այսուհետ այս դատարանն ինձ համար հայտարարում եմ ապօրինի, անօրինական և ընդհանրապես հրաժարվում եմ այսուհետ ձեզ հետ որևէ ձևով առնչվել»,- հայտարարեց Գևորգյանը:

Ամբաստանյալներից Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանն էլ ընդմիջում խնդրեց:

  • Կիսվել: