ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Դատախազությունը շարունակում է պարտվել դատարանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով

Դատախազությունը շարունակում է պարտվել դատարանում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով

Գլխավոր դատախազությունը շարունակում է պարտություններ կրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով ՀՀ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում քննվող գործերը:

Վերջին ամենաթարմ գործերից մեկն առնչվում է Հայաստանի Հանրապետության և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի միջև 2007թ. մայիսի 23-ին կնքված պետական գույքի գրավի և օտարման պայմանագիրը լուծելու, պայմանագրի առարկա հանդիսացող գույքի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումները և գրանցամատյանի գրառումները անվավեր ճանաչելու և այդ գույքը ՀՀ վերադարձնելու պահանջին:

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Նարինե Ավագյանի 06.09.2024թ. որոշմամբ՝ քաղաքացիական գործով պատասխանող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանի միջնորդությունը՝ հայցն առանց քննության թողնելու մասին, բավարարվել է, իսկ ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից ներկայացված հայցն ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի՝ Հայաստանի Հանրապետության և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության միջև 2007թ. մայիսի 23-ին կնքված պետական գույքի գրավի և օտարման պայմանագիրը լուծելու, պայմանագրի առարկա հանդիսացող գույքերի նկատմամբ կատարված իրավունքի պետական գրանցումները և գրանցամատյանի գրառումները անվավեր ճանաչելու և այդ գույքերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու պահանջների մասին հայցը թողնվել է առանց քննության: Դատարանը որոշել է նաև որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացնել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի մարտի 06-ի՝ «Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը, այն է՝ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանն արգելել օտարել կամ այլ անձանց իրավունքներով ծանրաբեռնել սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող շենքը և ավտոտնակը:

Դատարանի որոշումն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հայցը ներկայացրած դատախազը՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Արգամ Դալլաքյանը, չի պահպանել վեճի լուծման արտադատական կարգը:

Մասնավորապես՝ դատարանն արձանագրել է, որ պայմանագիրը լուծելու հիմքերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պայմանագրի կողմ, պայմանագրի լուծման՝ օրենքով սահմանված կարգի պահպանման անհրաժեշտությունից ելնելով, պետք է նախ պայմանագիրը լուծելու առաջարկ ներկայացներ պայմանագրի մյուս կողմին՝ գործով պատասխանող «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը։ Տվյալ դեպքում պայմանագրի կողմը նման առաջարկով հանդես չի եկել, ինչը գործի քննության ընթացքում չի հերքել նաև հայցվորի ներկայացուցիչը։

Անդրադառնալով հայցվորի ներկայացուցչի այն դիրքորոշմանը, որ պայմանագրի լուծման առաջարկը պետք է ներկայացվեր այն կնքած մարմնի կողմից՝ Դատարանն արձանագրել է, որ նշվածը չի փոխում այն հանգամանքը, որ վեճի լուծման արտադատական կարգը, այնուամենայնիվ, պահպանված չի եղել, ուստի այդ հիմքով հայցն առանց քննության թողնելու դեպքում բացասական հետևանքները կրում է հայցվոր կողմը՝ որպես սույն հայցը ներկայացրած սուբյեկտ։

Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վեճի լուծման արտադատական կարգը հայցվորի կողմից պահպանված չէ, միևնույն ժամանակ պատասխանողը մինչև հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը հղում է կատարել դրան, ուստի առկա է հայցն առանց քննության թողնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքը։

ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը հիշյալ որոշումը բողոքարկել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում: Բողոքի քննությունը իրականացվում է գրավոր ընթացակարգով, գործով դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 27-ին:

  • Կիսվել: