երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Դատախազությունը՝ ՀՅԴ-ականների հարցաքննության վերաբերյալ

Դատախազությունը՝ ՀՅԴ-ականների հարցաքննության վերաբերյալ

Փաստաբան Բենիկ Գալստյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել, որի իմաստն այն է, որ ՀՅԴ մի քանի ներկայացուցիչներին այսօր Երևան քաղաքի քննչական վարչության կողմից հարցաքննության կանչելը հետևանք է այսօր ՀՀ գլխավոր դատախազության առջև ակցիա իրականացնելու ՀՅԴ Գերագույն մարմնի՝ երեկ արած հայտարարության: Այս մասին իր գրառման մեջ նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

"Հարկ եմ համարում պարզաբանել, որ դրանք բացարձակապես իրար հետ կապ չունեցող բաներ են: Հարցաքննության հրավիրվելու վերաբերյալ ծանուցագրերը կոնկրետ քրեական գործով առձեռն նշված անձանց սկսել են փոխանցվել՝ սկսած դեռևս ապրիլի 27-ից: Մասնավորապես՝ Արծվիկ Մինասյանին ստացականով, ծանուցագիրը առձեռն փոխանցվել է ապրիլի 27-ին, Գերասիմ Վարդանյանին՝ ապրիլի 28-ին, իսկ Գեղամ Մանուկյանին՝ ծանուցագիրը հնարավոր է եղել փոխանցել միայն այսօր առավոտյան՝ ավելի վաղ տեխնիկական պատճառներով դա իրականացնելը չհաջողվելու պատճառով:

Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանին և Տարոն Տոնոյանին, ապա նրանք որևէ գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչություն չեն հրավիրվել: Այսինքն նշվածներից առանձին անձինք քննչական գործողությանը իրենց մասնակցության մասին տեղեկացված են եղել դեռևս ապրիլի 27-ից, ինչը նշանակում է, որ չի կարող ծանուցագրերի փոխանցումը, հարցաքննությունների հրավիրվելը որևէ կերպ պայմանավորված լինել Դատախազության առջև նախատեսված ակցիայի հետ: Իսկ եթե կարող է լինել պատճառահետևանքային կապ, ապա՝ աավելի շուտ հակառակ տրամաբանությամբ: Հետևաբար մեր գործընկերոջը հորդորում ենք փաստերի աղավաղմամբ հանրությանը մոլորության մեջ չգցել և թյուր կարծիք չձևավորել":

  • Կիսվել: