Դատախազությունը ազատ արձակելով Մանվել Գրիգորյանին, ապահովագրեց իրեն. Փաստաբան
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական մի քանի կոնսիլիում է հրավիրվել, որի արդյունքներով փաստվել է Գրիգորյանի առողջական ծանր վիճակը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:
Փաստաբանն ասաց, որ Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ այսօրվա թարմ տվյալներ չունի, բայց նշում է, որ բժիշկները այն գնահատում են ծանր:
«Մանվել Գրիգոյանի կալանքի ընթացքում նրա ունեցած մի խումբ հիվանդությունները բարդացան: Երկու օր առաջ նրա առողջական վիճակը կապված սրտի հետ, վատթարանում է և նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք», -ասաց փաստաբանը:
Անդրադառնալով երեկ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ տեղի ունեցած դատական նիստին, որի ժամանակ որոշվեց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին, փաստաբանն ասաց.
«Դատախազությունը մտավ դատարան, մի հատ ձեռքով ճտցրեց, դատարանը որոշեց ազատ արձակել: Դատախազությունն այդ քայլով ապահովագրեց իրեն»:
Փաստաբանը նշեց, որ երկար ժամանակ՝ 1.5 տարի, Մանվել Գրիգորյանը ինսուլին չի ստացել, այսօր նա չի շարժվում, դարձել է անդամալույծ, ավելին՝ նրա մոտ փտախտ է սկսվել:
«Այս խնդիրները ներկայացրել ենք ժամանակին, բայց ոչ մի արձագանք: Ամիսներ առաջ բժիշկը մեզ ասաց, որ առողջական վիճակի նման դիսբալանսով սրտի խնդիր է ունենալու հիվանդը, այսօր արդեն այդ վիճակը մենք տեսնում ենք», - ասաց փաստաբանը:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: