երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
 Դատախազությունն արձագանքել է hraparak.am-ի՝ Հրայր Թովմասյանի մասին հրապարակմանը

Դատախազությունն արձագանքել է hraparak.am-ի՝ Հրայր Թովմասյանի մասին հրապարակմանը

«Գործարարը դատախազությունից պարզաբանում է պահանջում իրեն պատկանող անշարժ գույքը Հրայր Թովմասյանին վերագրելու համար» վերտառությամբ «hraparak. am»-ի հրապարակումը սոցիալական ցանցերում տիրաժավորվում է իրականությունից կտրված տարատեսակ մեկնաբանություններով, ընդհուպ անհիմն եզրակացություններով, ինչի նպատակը մանիպուլյատիվ էֆեկտով հանրության մոտ համապատասխան քրեական գործի շրջանակներում հարուցված քրեական հետապնդման հիմնավորածության վերաբերյալ թյուր կարծիք ձևավորելն է: Ուստի ստիպված ենք, այնուամենայնիվ, արձագանքել: Այս մասին իր ֆեյսբության էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Նախ՝ այդ հրապարակման մեջ նշված հանգամանքի շուրջ աժիոտաժ առաջացնելու արհեստականության մասին է վկայում իրողությունը, որ դատողություններն ու մտավարժանքներն արվում են քրեական գործի նյութերում առկա փաստական հանգանաքններից, տվյալներից, ապացույցներից բացարձակ անտեղյակության պայմաններում՝ հիմնված բացառապես մեկ անձի՝ որպես գործարար ներկայացող՝ Հ. Թովմասյանի հետ փոխկապակցված անձի, իրականում նրա կնոջ քրոջ ամուսնու կողմից արված հայտարարությունների վրա:

Ելնելով նախաքննության գաղտնիությունից՝ ավելին չենք կարող ասել, սակայն ըստ այս պահին առկա քրեական գործի նյութերի՝ 52.4մլն դրամով մինչ այդ վաճառված, իսկ մոտ մեկուկես տարի անց բանկի կողմից 59մլն դրամ արժեքով գնահատված գույքը ընդամենը 3մլն դրամով Հրայր Թովմասյանի կողմից առուվաճառքի պայմանագրով ձևակերպվել է իրեն փոխկապակցված անձանց՝ իր կնոջ քրոջ և նրա ամուսնու անունով:

Թերևս արդեն պարզ է, թե ինչու է անձը մոռացել որպես գործարար հանդես գալուց բացի Հ. Թովմասյանի հետ իր բարեկամական կապերը ևս «գաղտնազերծել»:

Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, թե քրեական հետապնդումը հարուցվել է անգամ առանց գույքի դե յուրե սեփականատիրոջը հարցաքննելու, ապա դա հնարավոր չի եղել ապահովել տվյալ անձի՝ ՀՀ-ից բացակայելու պատճառով: Ընդ որում՝ անձի ՀՀ տարածքում գտնվելու հանգամանքը պարզելու համար կրկնակի անգամ (2019թ. հոկտեմբերին և նոյեմբերին) հարցում է արվել, որոնց արդյունքում ՍԵԿՏ համակարգով պարզվել է, որ վերջին անգամ այդ անձը ՀՀ տարածքը լքել է 25.07.2019թ.-ին և վերադառնալու մասին տվյալներ չկան:

Ամեն դեպքում շատ ողջունելի է Հայաստան վերադառնալու նրա մտադրությունը, քանի որ դա հնարավորություն կստեղծի կատարելու այն դատավարական և քննչական գործողությունները, որոնք մինչ այդ հնարավոր չեն եղել Հայաստանից նրա բացակայության պատճառով:

Հորդորում եմ հետայսու զերծ մնալ ժամանակավրեպ, չփաստարկված պնդումներ ու մեկնաբանություններ անելուց»,- գրել է նա:

 

Հիշեցնենք, որ երեկ  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելուց հետո, գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ Արդարադատության նախարար եղած շրջանում, Հրայր Թովմասյանը հարկադրել է  նոտարական պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը:

«Հրապարակ»-ի հետ կապ է հաստատել Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբիկ Ղազարյանը և վրդովված պատմել, որ դատախազության կողմից Հրայր Թովմասյանին վերագրվող տարածքը իրականում իրեն է պատկանում՝ դեռևս 2009թ.-ից:
 

«Ինձ տեղեկացրեցին, որ դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե օրենքով ինձ պատկանող տարածքը, որը վարձակալությամբ է հանձնված եղել, իբր, պատկանում է Հրայր Թովմասյանին: Ես պաշտոնապես հերքում եմ դա: Չկա նման բան և չի եղել: Դատախազությունը սուտ տեղեկություն է տարածում: Այդ վարձակալությամբ հանձնված տարածքի սեփականատերը ես եմ և այն ձեռք եմ բերել 2009թ-ին ՌԴ-ում իմ աշխատած փողով, բոլոր օրինական թղթերը իմ ձեռքի տակ են: Ես քանի որ Հայաստանում չեմ ապրում, այդ տարածքը տարբեր ժամանակներ վարձակալությամբ եմ հանձնել տարբեր մարդկանց»:

Գործարարը տեղեկացրել է, որ մոտ օրերս ինքը գալու է Հայաստան և պատասխան է պահանջելու իրավապահներից իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքը այլ աձի վերագրելու համար:
 

«Հատուկ այս դեպքի պատճառով ես հունվարի 15-ին գալու եմ Հայաստան և գնալու եմ ՀՔԾ ու դատախազություն՝ պարզաբանումներ պահանջելու: Ես պետք է հասկանամ ինչո՞ւ են տասը տարուց ավելի ինձ պատկանող անշարժ գույքը այլ մարդու վերագրում: Սա ի՞նչ անփութություն է, գոնե կարող էին կապվել ինձ հետ և հարցնել երբ եմ ձեռք բերել այդ տարածքը և ումից: Նորից եմ կրկնում դա սեփականության իրավունքով ինձ պատկանող տարածքն է, որը երբևէ չի պատկանել Հրայր Թովմասյանի կամ մեկ ուրիշի»,-ասել է Ղազարյանը:

  • Կիսվել: