Դատախազությունը` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ
2020 թվականի մայիսի 23-ին ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Նույն օրն ուժի մեջ է մտել նաև նշված օրենքի հետ փոխկապակցված՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՀՕ-245-Ն), որի հիման վրա անցկացվելու են բաց մրցույթներ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
«Վերոնշյալ բաց մրցույթների անցկացման նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով այդ մրցույթներին որպես դիտորդ ներկա գտնվել ցանկացող անձինք կարող են դիմել ՀՀ դատախազություն:
Դիտորդ կարող է լինել այն անձը, որն ունի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առնվազն մեկ տարվա տեսական կամ պրակտիկ փորձառություն: Դիտորդական առաքելությունն իրականացվում է հասարակական հիմունքներով:
Դիտորդը պետք է նախապես հավատարմագրվի՝ անձամբ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ՝ պատճենով և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առնվազն մեկ տարվա տեսական կամ պրակտիկ փորձառությունը հավաստող փաստաթուղթ:
Դիտորդին դիտորդական առաքելություն իրականացնելը թույլատրելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահը տալիս է իր համաձայնությունը՝ երկու օրվա ընթացքում, որի վերաբերյալ տեղեկացվում է տվյալ դիտորդը:
Դիտորդների թիվը չի կարող գերազանցել երեքը, իսկ արտակարգ դրության պայմաններում դիտորդների ներկայությունը մրցույթի անցկացման սենյակում կարող է արգելվել կամ նրանց քանակը կարող է նվազեցվել: Դիտորդների կողմից մրցույթային գործընթացի տեսանկարահանումը, լուսանկարահանումը կամ ձայնագրությունն արգելվում է: Դիտորդն առանց ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի աշխատանքներին որևէ կերպ միջամտելու հետևում է նիստի ընթացքին:
Արտակարգ դրության պայմաններում դիտորդների ներկայությունը մրցույթի անցկացման սենյակում արգելվելու դեպքում, համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության պարագայում նրանք դիտորդական առավելություն են իրականացնում հեռավար եղանակով:
իմումներն ընդունվում են 2020թ. հունիսի 23-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 09։30-ից մինչև 17։30-ն (ընդմիջում՝ 13:00-14:00): Դիմումների ընդունման աշխատանքներն իրականացնում է ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչությունը (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ.՝ 010 511-541, 010 511-698, 010 511-538, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):
Հիցեցնենք, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով մրցույթներն անցկացվելու են 2020թ. հունիսի 29-ից հուլիսի 1-ը ներառյալ:
Մրցույթը տեղի է ունենալու Արդարադատության ակադեմիայի շենքում (ք. Երևան, Փիրումյանների 9)»,-ասված է հայտարարության մեջ: