չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Դատական համակարգը ապօրինություններ կատարելով Ռոբերտ Սուքիասյանին պահում է կալանքի տակ. փաստաբանի հայտարարությունը

Դատական համակարգը ապօրինություններ կատարելով Ռոբերտ Սուքիասյանին պահում է կալանքի տակ. փաստաբանի հայտարարությունը

Ռոբերտ Սուքիասյանին կալանքի տակ պահելու անհագուրդ ցանկության ու դրա բավարարման համար կատարված կեղծիքների մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նրա փաստաբան Գոռ Միքայելյանը, որը ներկայացնում ենք ստորև․
 
<<Օգոստոսի 10-ին հրապարակվեց Ռոբերտ Սուքիասյանի կալանքի վերաբերյալ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Հաշվի առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի քմահաճույքով, առանց ծրագրի՝ ձեռքով մակագրությամբ տվյալ բողոքի քննարկման համար դատավորի /Մհեր Արղամանյան/ նշանակումը՝ բնականաբար իմ բողոքը մերժվեց:
 
Անսպասելին դա չէր: Անսպասելին ու վտանգավորն այն է, որ առաջին ատյանի դատարանը, հնարավոր է՝ նաև վերաքննիչ ատյանը այնքան է տարված եղել Ռոբերտ Սուքիասյանին կալանքի տակ պահելն արդարացնելու, կայացված ապօրինի որոշումն ՙՙապրեցնելու՚՚ ցանկությամբ, որ առաջին ատյանի դատարանում հետազոտված նյութերի միջից վերացրել են կարևոր, էական նշանակություն ունեցող, և իմ բողոքի հիմքում դրված տվյալներ:
 
Մասնավորապես՝ երբ առաջին ատյանի դատարանում Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու միջնորդության քննարկման ժամանակ ուսումնասիրեցի դատարանի վարույթում գտնվող նյութերը, տեսա, որ կալանքի միջնորդությունն ուղեկցող գրության վրա նշված էր դատարանում մուտքագրման ժամը՝ ՙՙ10:50-ին՚՚:
 
Ընդ որում՝ դա պաշտպանության տեսանկյունից շատ էական հանգամանք էր, և հենց միջնորդության մուտքագրման ժամի հետ կապված հարցն էլ ես դրել էի վերաքննիչ բողոքի հիմքում: Վերաքննիչ դատարանում բողոքի քննարկման ընթացքում պարզվեց, որ այդ ժամը նույն թղթի վրայից ջնջվել է, հավանաբար փորձելով վերացնել բողոքի մուտքագրման ժամի վերաբերյալ բոլոր ապացույցները:
 
Հ.Գ. Ու՞ր ենք հասել: Արդեն դատարաններն են խեղաթյուրում իրականությունը՝ ապօրինի որոշումները բեկանումից ՙՙփրկելու՚՚ համար:
Հ.Գ. Դե հիմա արի ու վստահի դատարաններին, առավելևս առաջին ատյանի դատարանում միջնորդությունը քննարկած դատավոր Վաչե Մարգարյանին, և վերաքննիչ քրեական դատարանում բողոքը քննարկած դատավոր Մհեր Արղամանյանին>>: 

  • Կիսվել: