երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բենզալցման և գազալցման կայաններում հարկային մարմնի ստուգման արդյունքում հայտնաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 65 դեպք. ՊԵԿ

Բենզալցման և գազալցման կայաններում հարկային մարմնի ստուգման արդյունքում հայտնաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 65 դեպք. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության դիտակետում է հայտնվել վառելիքի մանրածախ առևտրի ոլորտը: Խոսքը վերաբերում է մասնավորապես՝ բենզինի, հեղուկ գազի, սեղմված գազի, դիզելային վառելիքի մանրածախ առևտրով զբաղվողների գործունեությանը: Ոլորտը դեռևս համարվում է ռիսկային՝ իրացման շրջանառությունների թերհայտարարագրման տեսանկյունից, որն իրականացվում է հիմնականում ՀԴՄ կտրոնների չտրամադրման եղանակով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը:

Վերջին 6 օրերի ընթացքում բենզալման և գազալցման կայաններում հարկային մարմնի ստուգման արդյունքում հայտնաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտման 65 դեպք։

Իսկ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից միայն վերջին 6 օրերի ընթացքում ձեռնարկված միջոցառումների շրջանակում հետազոտվել են 335 տրանսպորտային միջոցներ և դրանց ուղեկցող փաստաթղթեր: Արդյունքում արձանագրվել են այդ ընկերությունների կողմից առանց ուղեկցող փաստաթղթերի շուրջ 46 մլն դրամի վառելանյութի մատակարարման և տեղափոխության դեպքեր։ Ի դեպ, օպերատիվ-հետախուզական այդ միջոցառումները ձեռնարկվել են վառելանյութի շուկայի շուրջ 77 տոկոս մասնաբաժին ունեցող խոշոր ընկերություների նկատմամբ։

  • Կիսվել: