հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող նախագիծը կազդի դատավորների անկախության վրա. Վարդազարյան (տեսանյութ)

ԲԴԽ-ի լիազորություններն ընդլայնող նախագիծը կազդի դատավորների անկախության վրա. Վարդազարյան (տեսանյութ)

Այս օրենքի ընդունմամբ խախտվում է ԲԽԴ-ի դատարանների անկախության երաշխիք լինելու սահմանադրական սկզբունքը, որովհետև ԲԴԽ-ն, լինելով դատարանների անկախության երաշխավորը, դառնում է դատավորներին հետապնդող մարմին: Այս մասին այսօր հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝ անդրադառնալով կոնկրետ գործերով ԲԴԽ-ին արդարադատությանը միջամտելու լիազորություններ վերապահելու՝ ՛՛Իմ քայլի՛՛ նախագծին, որն ընդունվեց անցած շաբաթ։

Ըստ Վարդազարյանի կանխատեսումների՝ մոտ ապագայում ունենալու են ամսական 200-300 դիմում և պարտավոր են դա քննության առարկա դարձնել: Նա նշեց, որ այս նախագիծը կազդի դատավորների անկախության վրա:

՛՛Ես այսօր պաշտոնապես հայտարարում եմ, որ այս օրենքը, եթե մտավ ուժի մեջ այս տեսքով՝ առանց կարգավորումների, ֆիլտրի, սա դատական իշխանության անկախությանը հարվածող ամենալուրջ գործիքն է լինելու և վստահ չեմ, որ դատական իշխանությունը կդիմանա այս ծավալին, այս բեռին, այս ամենին:

Դատական իշխանությունն այս բեռի տակ ծալվելու է և եթե չկոտրվի, շատ լավ կլինի: Այս հապճեպությունը ինձ զարմացնում է, ինչո՞ւ էր պետք այս հապճեպությունը, որպեսզի կոտրե՞նք դատական իշխանությունը, եթե նման ծրագիր էր դրված, ուրեմն հաջողվեց, քանի որ եթե չկանոնակարգվի՝ կոտրվելու է՛՛,-ասաց Վարդազարյանը:

Նա խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի՝ ՛՛վնգստացող դատավորներ՛՛ արտահայտության մասին իր անդրադարձից, որով կոչ էր անում դատավորներին ցույց տալ, որ այդպիսին չեն:

Այս առնչությամբ Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ դա սթափեցնող կոչ էր. ՛՛Ես մեջբերում եմ արել վարչապետի քաղաքական հայտարարությունից, որն իմ կարծիքով վիրավորական արտահայտություն էր դատավորների նկատմամբ: Իմ կոչը դատավորներին՝ լինել բացառապես ապաքաղաքական և որոշումները կայացնել՝ հաշվի չառնելով քաղաքական զարգացումները՛՛:

Նա նշեց նաև, որ համարում է, որ վերջերս դատավորներն ավելի անկախ են և չեն ենթարկվում որևէ քաղաքական կոնյուկտուրայի՝ ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության. ՛՛Այս իշխանության օրոք, իմ խորին համոզմամբ, դատավորները դարձան իրապես անկախ և չօգտվել սրանից, այս դիվիդենտը հօգուտ քաղաքական իշխանության չօգտագործել, իմ կարծիքով, անհեռատես է՛՛:

 

  • Կիսվել: