հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԲԴԽ-ի անկախության սահմանադրական և օրենսդրական երաշխիքները բավարար են կառույցի անկախ գործունեությունն ապահովելու համար. Ջհանգիրյան

ԲԴԽ-ի անկախության սահմանադրական և օրենսդրական երաշխիքները բավարար են կառույցի անկախ գործունեությունն ապահովելու համար. Ջհանգիրյան

Ներկա Բարձրագույն դատական խորհուրդը տարբերվում է իր նախատիպերից՝ այն չի գլխավորվում ո՛չ ՀՀ նախագահի, ո՛չ գործադիր և դատական իշխանության որևէ պաշտոնյայի կողմից, ինչը հավելյալ անկախության երաշխիք է. ԱԺ իր ելույթում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը:

Նա շեշտեց, որ ԲԴԽ-ի անկախության սահմանադրական և օրենսդրական երաշխիքները բավարար են կառույցի անկախ գործունեությունն ապահովելու համար:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ հիմնական առաքելությունը դատարանների և դատավորների անկախության երաշխավորումն է: Ջհանգիրյանը նշեց, որ այդտեղից հետևում է՝ այդ անկախության երաշխավորող մարմինն ինքը նախ պետք է լինի անկախ, որպեսզի կարողանա երաշխավորել թե՛ դատարանների, թե՛ դատավորների անկախությունը: 

«Պետք է արձանագրենք, որ սահմանադրական մակարդակում հռչակվում է ԲԴԽ-ի անկախ պետական մարմին լինելու հանգամանքը, բացի դրանից՝ ԲԴԽ անդամները, ընտրվելով թե՛ դատավորների ընդհանւոր ժողովի, թե՛ ԱԺ-ի կողմից, հաշվետու չեն իրենց ընտրող մարմիններին՝ դրանով իսկ անկախ են ու գործում են անկախ: Հավելենք, որ ԲԴԽ բոլոր անդամները ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձին համապատասխան վարձատրություն են ստանում»,- ասաց Ջհանգիրյանը:

Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ դատական օրենսգիրքը գիտնական անդամների համար քաղաքական կուսակցությունների մասնակցության արգելք է նախատեսում: 

Ջհանգիրյանի խոսքով՝ 2007 թվականի ընդունված «Դատական օրենսգիրքը» հաստատել է դատարանների նախարարություն, դատարանների բուրգ՝ վերից վար խիստ ենթակայության:

«Բուրգի գլխին նստած պաշտոնատար անձը, անկախ նրա անձնական հատկանիշներից, կարողանում է պարտադրել ստորադաս բոլոր դատարաններին և դատավորներին ցանկալի որոշում: Այդ օրենսգիրքը հստակ գործեց 2008 թվականի մարտյան դեպքերի ժամանակ, երբ հարյուրավոր անմեղ մարդիկ անհիմն մեղադրանքներով ազատազրկման դատապարտվեցին, կալանավորվեցին: Կարծում եմ՝ այդ բուրգ, ինչ-ինչ բարեփոխումներով, մինչև այսօր գործում է: ԱԺ-ի օրենսդրական առաքելությունն այստեղ շատ կարևոր է, որ հետագայում բոլոր դատավորներին, դատարաններին անկախացնեն նաև վերադաս դատական ատյանների, նույնիսկ ԲԴԽ ազդեցություններից»,- ասաց Ջհանգիրյանը:

Իրավագետը նաև կարևորեց գործող դատական համակարգում զտման խնդիրը: Շեշտեց, որ Սահմանադրությունը իրավունք է տալիս Դատական օրենսգրքով նախատեսել դատավորների համար լրացուցիչ սահմանափակումներ: Ըստ նրա՝ դրանք պետք է կիրառվեն, որպեսզի ազատվենք մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումներ թույլ տրված այն դատավորներից, որոնք վարկաբեկել են այդ համակարգը:

  • Կիսվել: