չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել են սնանկությանն առնչվող օրենսդրական բարեփոխումները

Բարձրագույն դատական խորհրդում քննարկվել են սնանկությանն առնչվող օրենսդրական բարեփոխումները

Սնանկությանն առնչվող օրենսդրության բարեփոխումների համատեքստում Բարձրագույն դատական խորհրդի անդամ Էդգար Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներ Եվգենյա Սիրակուզայի և ԱՄՀ ներկայացուցիչ Վահրամ Ջանվելյանի  հետ։ Այս մասին տեղեկացնում են Դատական իշխանությունից:
 
Նա բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությունը սնանկության ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես՝ ոլորտի օրենսդրության, այդ թվում Սնանկության նոր օրենսգրքի մշակման լայնածավալ աշխատանքներին։
 
Էդգար Հովհաննիսյանը շեշտել է, որ Բարձրագույն դատական խորհուրդն ի սկզբանե ներգրավված է եղել այդ գործընթացում, կազմակերպվել են հանդիպում-քննարկումներ դատավորների, Արդարադատության նախարարության ներկայացուցիչների, փորձագետների հետ։
 
Ստեղծվել է նաև օրենսգրքի մշակման հատուկ հարթակ՝ իրավիճակի վերլուծության, խնդիրների քննարկման ու լուծման նպատակով։
 
Բարձրագույն դատական խորհրդի անդամը ներկայացրել է Սնանկության դատարանի գործունեությանն ու առանձնահատկություններին վերաբերող տվյալներ։
 
Էդգար Հովհաննիսյանը խոսել է նաև դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու ուղիների, մասնավորապես, Սնանկության դատարանը նոր դատավորներով համալրելու անհրաժեշտության և այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին։
 
Հանդիպմանը քննարկվել են էլեկտրոնային արդարադատության համակարգին առնչվող հարցեր։
 
Էդգար Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է, որ սնանկության էլեկտրոնային մոդուլն արդեն ավարտական փուլում է և նախատեսվում է ներդնել տարեվերջին։
 
Կողմերը խոսել են սնանկության ոլորտին առնչվող միջազգային փորձի հաջող տեղայնացումից։
Քննարկմանն անդրադարձ է եղել նաև դատական համակարգի ամբողջական թվայնացման գործընթացին և այդ ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքներին։

  • Կիսվել: