Բագրատ Սրբազանի պաշտպանները նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել
Այսօր ՛՛Սրբազան պայքարի՛՛ գործով դատական նիստի ժամանակ Բագրատ Սրբազանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, որպեսզի նա հնարավորություն ունենա մասնակցելու դեկտեմբերի 10–12–ը հրավիրված եպիսկոպոսաց ժողովին։
Ըստ պաշտպանների՝ ընդունելի է ցանկացած խափանման միջոց, որը հնարավորություն կտա մասնակցել եպիսկոպոսաց ժողովին, ընդհուպ՝ ժողովին մասնակցելուց հետո ՔԿՀ վերադառնալը, գրավ՝ մինչև 3 մլն 800 հազար դրամի չափով, վարչական հսկողություն և այլն։
Նշենք, որ պաշտպանների միջնորդությունը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը կքննարկի դեկտեմբերի 9–ին, ժամը 15:30–ին:
Հավելենք նաև, որ այսօրվա նիստի ժամանակ Բագրատ սրբազանն իր աջակցությունը հայտնեց Արշակ Սրբազանին, որին ժամեր առաջ ՀՀ քննչական կոմիտեում ԱԱԾ–ն ձերբակալել է։
՛՛Սրբազան պայքարի՛՛ գործով հերթական դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 11–ին, ժամը 14:00–ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` ՛՛Սրբազան պայքար՛՛ շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։


