երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Բագրատ Սրբազանի գործով ձայնագրությունները խեղաթյուրված են ներկայացվել՝ սխալ համատեքստում ներկայացնելու համար, դատախազները շահագրգիռ կողմ են․ Պաշտպանը բացարկ հայտնեց բոլոր մեղադրողներին՝ Մխիթար Գոշի անունից

Բագրատ Սրբազանի գործով ձայնագրությունները խեղաթյուրված են ներկայացվել՝ սխալ համատեքստում ներկայացնելու համար, դատախազները շահագրգիռ կողմ են․ Պաշտպանը բացարկ հայտնեց բոլոր մեղադրողներին՝ Մխիթար Գոշի անունից

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների դեմ ռեպրեսիաների գործով դատական նիստը։ Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանում միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով վարույթից հեռացնել ներգրավված բոլոր հանրային մեղադրողներին։ Բացարկի հիմքում պաշտպանը դրել է հայտնի ձայնագրությունը, որտեղ «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, շարժման ակտիվիստներ ու մի շարք այլ անձինք են խոսում։ Պաշտպանն ընդգծում է, որ երկխոսության առանձին հատված դուրս է բերված արձանագրությունից՝ քննարկման բովանդակությունն այլ համատեքստում ներկայացնելու համար։ Նրա խոսքով՝ համատեքստից կտրված բովանդակությունը հետագայում օգտագործվել է ՀՀ ՔԿ պաշտոնական հաղորդագրություններում, ՔԿ նախագահի, գլխավոր դատախազի Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցներում, ինչպես նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և ազատազրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունում։ Խուդոյանը, խոսակցությունների իրական կոնտեքստը ներկայացնելուց հետո, նկատեց, որ առնվազն սույն քրեական վարույթով նախնական դատալսումների ժամանակ դատական նիստերի դահլիճում հայտարարվել է, որ քրեական վարույթում առկա են և մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել նշված կեղծված ապացույցները, մինչդեռ, ՝ տեղեկատվությունն այդ փուլում ստանալուց հետո էլ հանրային մեղադրողները որևէ գործողություն չեն ձեռնարկել կեղծիքների հանգամանքները պարզելու և իրենց լիազորությունների շրջանակում արձագանքելու համար։  

Նա նշեց, որ դատարանին կներկայացնի ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ դատախազները գործի ելքով շահագրգռված անձինք են, նրանք նպատակ ունեն կոծկել սեփական սխալները։

«Հարգելի դատարան, ես հանրային մեղադրողներին հայտնում եմ բացարկ, խնդրում եմ նրանց հեռացնել այս վարույթից։ Բացարկը հայտնում եմ իմ անունից, բացարկը հայտնում եմ իմ վստահորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից, և թող ների ինձ Ռուբեն Մելիքյանը, բացարկը հայտնում եմ նաև Մխիթար Գոշի անունից»,-բացարկի միջնորդությունն ամփոփեց Խուդոյանը։

 

  • Կիսվել: