հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բադասյանը՝ վարձկանների հարցով Հաագայի դատարան դիմելու մասին

Բադասյանը՝ վարձկանների հարցով Հաագայի դատարան դիմելու մասին

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե առարկայական ի՞նչ է տալիս Հայաստանին Սիրիայից եկած վարձկան ահաբեկիչների ձերբակալությունն ու հարցաքննությունը:

«Բացի ձերբակալված վարձկան ահաբեկիչների գործով ձեռք բերված ապացույցներից, բազմաթիվ այլ տեղեկություններ կան. երեք պետության ղեկավարներ կամ ԱԳՆ ղեկավարներ ընդունել են սիրիացի վարձկանների առկայությունը հակամարտության գոտում: Սա կարող է առաջացնել տարբեր հետեւանքներ: Նախ տարբեր կոնվենցիաներով, այդ թվում վարձկանների հավաքագրման, ֆինանսավորման վերաբերյալ կոնվենցիաներով նախատեսվում են որոշակի ընթացակարգեր:

Օրինակ, այն պետությունները, որոնք ներգրավված կլինեն ահաբեկչության ֆինանսավորմանը, բնականաբար իրենք ունեն պարտավարություններ ֆինանսական թափանցիկության, նման երեւույթների բացահայտման, հետաքննության, հաշիվների սառեցման: Այսինքն եթե հանկարծ պարզվի, իսկ դա արդեն պարզվել է, որ ունենալով այդպիսի պարտավորություններ, դեռ մի բան էլ պետությունն ինքն է ֆինանսավորել ահաբեկչությունը, կամ զինել վարձկաններին ու տեղափոխել հակամարտության գոտի, օգտվել ինքնորոշման համար պայքարող բնակչության դեմ, դա բավականին լուրջ հետեւանքներ կարող է առաջացնել բազմաթիվ կոնվենցիաների շրջանակներում»,-ասաց նա:

Բադասյանը հավելեց, որ կառավարությունում բոլոր իրավական պրոցեսները բավական մանրամասն քննարկվում են:

Հարցին, թե քննարկվո՞ւմ է արդյոք այդ հարցով Հաագայի դատարան դիմելու հարցը, նախարարն արձագանքեց. «Եկեք չշտապենք, որովհետեւ հիմնականում հիմա այդ հարցով ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակն է զբաղվում: Մենք կապի մեջ ենք եւ հենց բավարար հիմքեր լինեն կամ պահը գա որեւէ պրոցես սկսելու, մենք այդ մասին կտեղեկացնենք»:

  • Կիսվել: