հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բացահայտվել է Վաղարշապատում 2022-ին տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքը. ՔԿ

Բացահայտվել է Վաղարշապատում 2022-ին տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում մեկ անձի մասով ավարտվել է 2022 թ․ օգոստոսի 18-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

2022 թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:25-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Վաղարշապատի բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 27-ամյա երկու երիտասարդ` հրազենային վնասվածքներով, որոնցից մեկը, գիտակցության չգալով, մահացել էր հիվանդանոցում:

Իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ դեպքի վայրը, շարժառիթը, միջադեպին մասնակից անձանց շրջանակը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, անհատականացվել են նրանց գործողությունները, դրանց տրվել է քրեաիրավական գնահատական:

Մասնավորապես՝ քննությամբ պարզվեվել է, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում Էջմիածին քաղաքի մի խումբ երիտասարդներ վիճաբանել են համաքաղաքացի 21-ամյա երիտասարդի հետ, որի ընթացքում վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը՝ «Կարատեիստ Հապետ» մականունով Էջմիածնի 43-ամյա բնակիչ Հ.Կ.-ն, ծեծել է վերջինիս, ինչի մասին երիտասարդը տեղեկացրել է 27-ամյա եղբորը, ով, ի պատասխան եղբոր նկատմամբ կիրառված բռնության, իր հերթին ծեծել է հիշյալ Հ.Կ.-ին:

Դեպքից օրեր անց վիճաբանության մասին տեղեկացել են նաև վիճաբանող կողմերին քաջ ծանոթ  անձինք, ովքեր փորձել են կողմերին հաշտեցնել, ինչը, սակայն, նրանց չի հաջողվել, և 21-ամյա երիտասարդի և հասակակիցների վիճաբանությունը վերաճել է երկու խմբավորումների միջև հակամարտության, որի կարգավորման համար նշված անձինք դիմել են այլ՝ «Ուջանիկ» մականունով Ա.Մ.-ին և «Գրիզլի» մականունով հայտնի Է.Մ.-ին:

Շարունակելով ագրեսիվ վարքագիծը՝ 27-ամյա երիտասարդն իր ընկերոջ հետ կրկին հանդիպել է եղբորը ծեծի ենթարկած Հ.Կ.-ի և Ա.Մ.-ի հետ, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ դարձյալ ծեծի են ենթարկել նրանց: Չհանդուրժելով իրենց նկատմամբ նման վերաբերմունքը՝ վերջիններս որոշել են վրեժխնդիր լինել 27-ամյա երիտասարդից:

Այդ նապատակով Ա.Մ.-ն, 27-ամյա երիտասարդի և վերջինիս ընկերոջ կողմից ծեծի ենթարկվելուց հետո ձևավորված լարված և թշնամական հարաբերությունների պատճառով առաջացած վրեժի շարժառիթով, նախապես վարձակալված տանն ընկերների հետ պլանավորել է համաքաղաքացուն ապօրինաբար կյանքից զրկելու ծրագիրը, կատարել դերաբաշխում։ Ըստ դրա՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենան պետք է վարեր ինքը, «Գիժ» մականվամբ Ա.Բ.-ն՝ հսկեր տարածքը, իսկ Է.Մ.-ն պետք է իրականացներ 27-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու ծրագիրը, ապա 2022 թվականի օգոստոսի 18-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Էջմիածին քաղաք, որտեղ դարանակալել և սպասել են 27-ամյա երիտասարդին:

Ժամը 21:10-ի սահմաններում, երբ 27-ամյա երիտասարդն ընկերոջ կողմից վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հասել է Էջմիածին քաղաքի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկ, Է.Մ.-ն իր կողմից ապօրինի կրած «AK» տեսակի ինքնաձիգից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, նշված փողոցում գտնվող տներից մեկի դիմաց, ավտոմեքենայից դիմահար կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով նշված ավտոմեքենայի վարորդը՝ 27-ամյա երիտասարդի ընկերը՝ ստանալով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում, հիվանդանոցում մահացել է, իսկ 27-ամյա երիտասարդը ստացել է հրազենային ծանր մարմնական վնասվածքներ, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։

Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մահացած երիտասարդին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել էր Էջմիածին քաղաքի Կնունյանց փողոցում՝ ճամփեզրին կայանված ավտոմեքենաներին բախված: Կատարված զննությամբ հիշյալ ավտոմեքենայում հայտնաբերվել էին ատրճանակ, արնանման հետքեր, իսկ ավտոմեքենայի վրա՝ մեկ տասնյակից ավելի հրազենային վնասվածքներ, որոնք, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, հետևանք էին Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում արձակված կրակահերթի:

Այնուհետև, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, հանցագործությունը թաքցնելու նպատակով, հիշյալ «Օպել» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհին գտնվող «Մատուռ» կոչվող հուշահամալիրի հարակից տարածքում այրել էին: Զննությամբ նշված ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել էին ինքնաձիգ՝ այրված վիճակում, կրակված պարկուճներ, փամփուշտի գնդակ, չկրակված փամփուշտներ:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Ա.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է  կիրառվել կալանավորումը։ Վերջինիս մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է և անջատված մասով քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դաատարան:

Ա.Բ.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի  155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Է.Մ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերջիններիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հիշյալ անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: