երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները առերևույթ չկատարելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետը, 2014 թվականի փետրվարից աշխատելով նշված պաշտոնում, հանդիսանալով ՀՀ ԱԺ աշխատակազմի պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ և օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական լիազորությամբ, իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել չարաշահումներ:

Մասնավորապես՝ տեղեկացված լինելով ՀՀ ազգային ժողովի աշխատակիցների առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական կենտրոններից մեկին հանձնարարված լինելու և համապատասխան հանձնարարականի մասին, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, իր հետ աշխատանքային մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց լրացուցիչ վարձատրություն ապահովելու համար, ինչպես նաև տեղակացված լինելով, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության շահագործման և սպասարկման բաժնի բժշկուհին և նույն բաժնի աշխատողների առողջության պահպանման գծով մասնագետն արդեն աշխատանքի են անցել բժշկական կենտրոններից մեկում՝ որևէ գործողություն չի կատարել՝ վերջիններիս զբաղեցրած պաշտոնից ազատելու կամ նրանց աշխատանքի համատեղելիության գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

Արդյունքում՝ ԱԺ աշխատակազմի նյութատեխնիկական ապահովման վարչության շահագործման և սպասարկման բաժնի բժշկուհին և նույն բաժնի աշխատողների առողջության պահպանման գծով մասնագետը շարունակել են պաշտոնավարել՝ այդ ընթացքում ստանալով աշխատավարձ ու այլ վճարներ, ինչի հետևանքով ՀՀ ԱԺ աշխատակազմի օրինական շահերին պատճառվել է էական՝ 1.036.409 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԱԺ աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության նախկին պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: