հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման առումով. Գալյան

Այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման առումով. Գալյան

Այն, թե այլ երկրների հայտարարությունների հետ է կապված նոր Սահմանադրության մասին խոսելը, շատ անտեղի է: Ինչո՞ւ. որովհետև նոր Սահմանադրություն ունենալու հարցը սկսել է քննարկվել հեղափոխությունից հետո, և նույնիսկ 2019-2020 թվականներին ունեցել ենք նոր Սահմանադրության հայեցակարգ, և այդ աշխատանքները ինչ-ինչ պատճառով չեն հանգել տրամաբանական վերջնարդյունքի: Այդ մասին 2024 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Ես՝ որպես նոր նախարար, կարծում եմ, որ պետք է ստանձնեմ պարտականություն և պատասխանատվություն՝ ի վերջո մշակելու նոր Սահմանադրության նախագիծ, որին հավանություն է տալու կամ չի տալու ժողովուրդը, որովհետև նոր Սահմանադրությունը կարող է ընդունվել միայն հանրաքվեի միջոցով»,- ասաց նա՝ նշելով նաև գործող Սահմանադրության «վատ» կողմերը, որոնք պետք է փոփոխության ենթարկվեն, այն է՝ պետք է լուծվեն ռազմական արտակարգ դրությանը, համամասնական ընտրակարգին, մարդու իրավունքներին վերաբերող և այլ հարցեր:  

«Մեր խնդիրը պետք է լինի Սահմանադրության շատ սեղմ, բայց բովանդակային ճիշտ տեքստ ունենալը, որպեսզի ապագայում, որ օրենքների փոփոխության հարցեր են բարձրացվում, ամեն ինչում հղում չկատարվի Սահմանադրությանը և ասվի՝ ա՛յ, օրինակ, Սահմանադրությունն այսպես է ասում կամ այնպես է ասում:

Ընդ որում՝ ուզում եմ շեշտադրել այն հանգամանքը, որ խաղաղության օրակարգին առնչվող հարցերի հետ կապված՝ Սահմանադրությունում փոփոխություններ անելու որևէ անհրաժեշտություն չկա, և այս հարցը համարում եմ փակված, որովհետև այդ մասին խոսել է նաև ՍԴ-ն:

Եվս մեկ անգամ շեշտադրում եմ, որ ո՛չ անուղղակի, ո՛չ ուղղակի կապ՝ նոր Սահմանադրության տեքստ ունենալու և այլ երկրների հայտարարությունների հետ, բացարձակ չկա և չի կարող լինել»,- ասաց նա:  

Նախարարը նաև տեղեկացրեց, որ աշխատանքային խումբ է աշխատելու Սահմանադրության նոր տեքստի վրա, բայց փակ, գաղտնի պահելու խնդիր չկա, երբ վերսկսի հանձնաժողովն իր աշխատանքը, պարբերաբար լուսաբանումներ կլինեն:

«Երբ վերջնական տեքստը լինի, ժողովուրդը կա՛մ հավանություն է տալու այդ տեքստին, կա՛մ հավանություն չի տալու…

Նորից եմ շեշտադրում՝ այսօրվա Սահմանադրության տեքստը որևէ խոչընդոտ չի պարունակում խաղաղության գործընթացի իրականացման հետ կապված, և այդ մասին ասել է նաև ՍԴ-ն, ընդ որում՝ որոշումը և դիրքորոշումը հստակ է: Մենք Սահմանադրություն փոխելու խնդիր չունենք այն պատճառով կամ նրա համար, որ թվացյալ խնդիր կա այդտեղ»,- ասաց նա և հավելեց, որ մոտ ապագայում նոր Սահմանադրության վրա աշխատող խմբի աշխատանքները վերսկսվելու են:

  • Կիսվել: