Ատելության և կիբեռբռնության դեպքերի քանակը ՀՀ-ում շատացել է. ինչ քայլեր է ձեռնարկում ՄԻՊ-ը
Ատելության խոսքի առումով Հայաստանում միջավայրն ընդհանրապես ընդունելի չէ, որովհետև ծավալները ոչ թե պարզապես շատ են, այլ ծավալներն այնպիսին են, որ երևի թե բացառիկ դեպքերում կարող ենք խոսել դրա բացակայության մասին: Օրինաչափությունը, հակառակը՝ ատելության խոսքի առկայությունն է: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:
Նա ընդգծել է, որ բազմիցս հրապարակային խոսել է խնդրի մասին, նաև միջազգային գործընկերների և պետական մի քանի մարմինների հետ համագործակցությամբ համապատասխան միջոցառումներ են իրականացվել:
«Միջազգային գործընկերների հետ գործակցությամբ մենք սկսել ենք թիրախավորել տարբեր խմբերի ատելության խոսքի կանխարգելման ոլորտում ոչ թե պարզապես իրազեկվածությունը բարձրացնելու, այլ ընդհանուր հարթակներ ձևավորելու համար, որոնք կարող են աշխատել ատելության խոսքի դեմ պայքարին առնչվող հարցերում»,-նշել է ՄԻՊ-ը:



