կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Նիկոլ Փաշինյանի լուսանկարին և հիշում, որ պետք է լինել ազնիվ․ Անդրեասյան

Աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ Նիկոլ Փաշինյանի լուսանկարին և հիշում, որ պետք է լինել ազնիվ․ Անդրեասյան

Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է, պետության  ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է և այո, նաև լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ լուսանկարին և հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որոնք մեր առաջ դրել է վարչապետը։

Այս մասին կառավարության ճեպազրույցների սրահում նման պատասխան հնչեցրեց  արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է Փաշինյանի լուսանկարը փակցրել իր աշխատասենյակում և արդյոք որոշումներ կայացնելիս նայո՞ւմ է Փաշինյանի լուսանկարին։

Նա պնդեց, որ նման խորհրդանիշերն իրեն օգնում են հիշել այն արժեքները, ինչի համար աշխատում է։

Անդրեասյանի կարծիքով՝ պետական արժեքները պետության դրոշն, գերբն ու ղեկավարի լուսանկարն են, որոնք և պետք է հարգել և դրանցով առաջնորդվել։

Պատասխանելով լրագրողի մեկ այլ հարցին արդարադատության նախարարը հայտնեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր են վեթինգի առաջին դեպքերը, բայց դրա համար կարևոր է նաև Բարձրագույն դատական խորհրդի մոտեցումը:

«Իմ կարծիքով` ԲԴԽ-ն քիչ է դատավորին պատասխանատվության ենթարկել: Վերջին շրջանում որոշ դատավորների նկատմամբ Խորհուրդն անընդհատ մերժում էր մեր միջնորդությունները»,-հայտնեց նախարարը և եզրակացրեց, որ  ԲԴԽ-ն Կառավարության դիրքորոշման նման դիրքորոշում չունի:

Վստահեցնելով, որ դատավորի նկատմամբ շատ կարգապահական վարույթներ է հարուցելու՝ Անդրեասյանը հայտարարեց. «Դրա համար ես էլ ավելի շատ աշխատակիցներ եմ ընդունել: Ես գործեր եմ հարուցում ոչ թե ելնելով նրանից, որ ինչ-որ մեկին դա կարող է դուր գալ կամ չգալ, այլ` նրանից, թե արդյոք դատավորը սխալ թույլ է տալիս, թե ոչ և քաղաքական նկատառումներից չունեմ»:

  • Կիսվել: