Աշխարհի չեմպիոնին խոշտանգելու գործը նոր դատավորի է մակագրվել
Աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանին եւ նրա ծանոթ Վլադիմիր Օհանյանին խոշտանգելու գործը մակագրվել է դատավոր Էդուարդ Մկրտչյանին։ Նոր դատավորին մակագրվելը պայմանավորված է նրանով, որ 2020 թ․ դեկտեմբերից գործը քննող դատավոր Աննա Մաթեւոսյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Մինչ դատավորի փոփոխությունը, բազմաթիվ դատավարական գործողություններ էին կատարվել՝ հերթը հասել էր մեղադրյալների հարցաքննությանը։
Հիշեցնենք, որ 2020 թ սեպտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գրիգոր Մխիթարյանը, օպերլիզորներ Նարեկ Բարսեղյանը եւ Տիգրան Ավանեսյանը Վլադիմիր Օհանյանին եւ նրա ծանոթ, աշխարհի չեմպիոն Արմեն Ղազարյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժին եւ խոշտանգել՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով։
Խոշտանգումից հետո Արմեն Ղազարյանը ստացել էր բազմաթիվ կոտրվածքներ եւ կապտուկներ։ Մեղադրյալներն այս ընթացքում կալանքի տակ են։