շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորի հարցով պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորի հարցով պաշտպանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորի հարցով պաշտպանական կողմը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հրապարակել է Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Նախկինում տեղեկացրել էինք, որ 15․11․2021թ․ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը՝ առանց պաշտպանական կողմին պատշաճ ծանուցելու և պաշտպանական կողմի բացակայությամբ հրատապ դատական նիստ էր անցկացրել՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի դեմ դատախազի Վերաքննիչ բողոքը քննության առնելու համար և բեկանել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14․10․2021թ․-ի որոշումը։

Տեղեկացնում ենք, որ այսօր համապատասխան միջնորդություններ ենք ներկայացրել ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով և ՀՀ արդարադատության նախարարին, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ։ Բողոք ենք ներկայացրել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, իսկ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից ակնհայտ ապօրինի դատական ակտ կայացնելու վերաբերյալ՛՛։
 

 

  • Կիսվել: