Արթուր Պողոսյանը նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահ՝ 6 տարի ժամկետով
Կառավարությունն Արթուր Պողոսյանին նշանակեց Քննչական կոմիտեի նախագահ:
Արթուր Պողոսյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ նշանակելու մասին որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում:
Արթուր Պողոսյանը կառավարության նիստի ընթացքում շնորհակալություն հայտնեց քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու համար: «Հավաստիացնում եմ, որ մասնագիտական ողջ փորձս, ամբողջ ներուժս ու գիտելիքներս ծառայեցնելու եմ Հայաստանում օրինականության ամրապնդման, իրավակարգի հաստատման և քրեական արդարադատության ոլորտում հասարակության սպասելիքների արդարացման գործին: Վստահեցնում եմ, որ իմ գործունեության ընթացքում առաջնորդվելու եմ օրենքի առաջ հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների անշեղ իրագործմամբ և նպաստելու եմ հասարակության շրջանում արդարության և արդարադատության զգացողության ամրապնդմանը»,-ասաց Պողոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հատկապես դատաիրավական համակարգում տեղի ունեցող խմորումների, բարեփոխումների առանցքում հետևյալ լեյկմոտիվը կա. «Մեր ռազմավարական խնդիրը հետևյալն է, որ Հայաստանում ի վերջո հաստատվի համընդհանուր և համատարած արդարության զգացում, և արդարություն ու արդարադատություն հասկացությունները լինեն համարժեք: Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը պետք է լինեն նույնական»:
Վարչապետը հավելեց, որ դա միայն Քննչական կոմիտեի լուծելու խնդիրը չէ, բայց ակնհայտորեն Քննչական կոմիտեն մեծ դերակատարում ունի այս հարցում:
Արթուր Պողոսյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։