Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն. Գալյան
Մեր ՔԿՀ-ների պայմաններն այնպիսին են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով Արթուր Օսիպյանի պահման պայմաններին:
«Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն: Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին: Հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը կենտրոնական մասից՝ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը մասնավորապես: Նրան առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների հետ կապված, որ, իր կարծիքով՝ առկա են, և որոնք իրենց բնույթով, իր կարծիքով, հանցավոր են, և այդ կապը իրավասու մարմինների, մասնավորապես, քննչական մարմինների հետ ապահովվել է մեր կողմից:
Մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում՝ հացադուլի իրավունքը պատշաճ ապահովվի, նրան տրամադրվում է իրեն հասանելի զբոսանքը, և ամեն ինչ արվում է՝ տեսակցությունները հարազատների հետ, և ոչ մի միտում չպետք է փնտրել դեպի ավելի վատ վերաբերմունք կոնկրետ անձի նկատմամբ, դա չի կարող լինել»,- նշեց նախարարը:


