շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Արսեն Բաբայանին դատարան չեն բերել, դատական նիստն այսօր տեղի չի ունենալու. Վարոսյան

Արսեն Բաբայանին դատարան չեն բերել, դատական նիստն այսօր տեղի չի ունենալու. Վարոսյան

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննությունն այսօր չի կայանա։ Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Դատական նիստն այսօր տեղի չի ունենալու»,- նշեց փաստաբանը։

Հարցին՝ թե որն է պատճառը, Երվանդ Վարոսյանը պատասխանեց, որ եթե դատարանը տեղում լիներ, կարելի էր նրանից հարցնել. «Դատավորը պարտավոր էր ձերբակալության օրինաչափության հարցը քննարկման առարկա դարձնել 24 ժամվա ընթացքում: Սակայն նիստ չի եղել, Արսեն Բաբայանին դատարան չեն ներկայացրել, որպեսզի նիստ լինի: Դատավորը պետք է նիստ նշանակեր, հանձնարարեր վարույթն իրականացնող մարմնին: Բնականաբար, մենք էլ կներկանայինք»։

Նրա խոսքով՝ իրենց պաշտպանյալի ներկայությունը չի ապահովվել. «Նա դատարան չի բերվել, ոչ էլ բերվելու է: Դրա մեղավորը Հայաստանում դատարանի բացակայությունն է»:

Անդրադառնալով նոր մեղադրանքին՝ փաստաբանն ասաց. «Նոր  մեղադրանք է առաջադրվել  առ այն, որ  ինչ-որ անձանց կողմից, ինչ-որ անհայտ միջոցներով ու մեթոդներով իշխանության յուրացում է եղել»։

Պաշտպանն ասաց, որ Արսեն Բաբայանի դեմ որևէ մեկը ցուցմունք չի տվել։ Նա նաև հայտնեց, որ  Բաբայանի հետ կարդացել են մեղադրանքի տեքստը և փորձել հասկանալ, թե ի՞նչ մեղադրանք է։ «Մեղադրանքն իրականության հետ աղերս ունենալ չի կարող, ով ինչ ցուցմունք ուզում է տալ»,- ընդգծեց նա։

Վարոսյանը նաև նշեց, որ Բաբայանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

«Մեղադրանքը Արսեն Բաբայանի հետ առնչություն չունի: Այն առնչություն ունի Սահմանադրական դատարանի հետ և այն պրոցեսի, որը կատարվում է ՍԴ-ի շուրջ, սա պլան «Գ»-ն է, սրանից հետո լինելու է «դ-ն, ճ-ն» և այլն։ Ես որպես իրավաբան՝ իմ պրակտիկայում առաջին անգամ չեմ կարող իրավական գնահատական տալ առաջադրված տեքստին»,- ասաց նա։

Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ նիստը նշանակվել է վաղը, ժամը 17:40-ին:

  • Կիսվել: