Արմավիրում 8 կիլոգրամից ավելի կանեփի բույս և մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել (տեսանյութ)
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի մի բնակչի տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 26-ին` ժամը 17-ին, զննություն է կատարվել Խորոնք գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդու տանը: Տանիքում հայտնաբերվել են մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի չոր բույսեր, հատակին փռած և տոպրակով մոտ 900 գրամ չորացրած-մանրացրած մարիխուանայի նմանվող զանգված, ևս 142 գրամ նույն զանգվածից հայտնաբերվել է խորդանոցում դրված արկղի մեջ:
Տանտերը հայտնել է, որ այդ ամենն իրենն է, ինքն է աճեցրել:
35-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նշանակվել է փորձաքննություն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: