երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արման Թաթոյանը ներկա պայմաններում հնարավոր չի համարում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությունը

Արման Թաթոյանը ներկա պայմաններում հնարավոր չի համարում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկա պայմաններում հնարավոր չի համարում Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությունը` նշելով, որ մինչև հայատյացությունը, սահմանային հարցերը, գերիների վերադարձի հետ կապված խնդիրները լուծում չստանան, այն իրատեսական չէ։

Ասուլիսի ժամանակ Արման Թաթոյանը նշեց, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան ինքը համաձայն է  Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցությանը, բայց այս պայմաններում չի պատկերացնում նման բան։

«Իհարկե, պետք է խաղաղ ապրեն ազգերը, ժողովուրդները։ Մենք՝ հայերս, նույնպես տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ ապրում ենք մեր երկրում, ամբողջ աշխարհում ենք մենք այդպես՝ հակված են այլ ազգի ներկայացուցիչների հետ ապրելու, բայց այս պայմաններում պատկերացնու՞մ եք խաղաղ գոյակցություն, ավելացրեք ընթացքում հոգեկան տառապանքները, որ Ադրբեջանը մտադրված պատճառում է, օրինակ՝ գերիների վերադարձի հարցը արհեստականորեն ձգձգելով։ Իրենք չգիտե՞ն, որ մեր ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, դա խոշտանգման ձև է, խաղում են հայ հասարակության էմոցիաների հետ։ Այդ հարցը տեսեք ինչքան է ազդում մեր երկրի վրա՝ լարվածություն առաջացնելով»,- ասաց ՄԻՊ-ը։

Արման Թաթոյանի կարծիքով՝ այդ հարցերը պետք է լուծում ստանան, որովհետև առանց դրա միակողմանի խաղաղ գոյակցություն չի լինում՝ անընդհատ պատերազմի սպառնալիքի ներքո և արժանապատվությունը նվաստացնող հայտարարություններ լսելով։

  • Կիսվել: