երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Արդեն որերորդ անգամ է, ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով. Գալյանը՝ լրագրողներին

Արդեն որերորդ անգամ է, ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով. Գալյանը՝ լրագրողներին

Արդադատության նախարար Սրբուհի Գալյանը հերթական անգամ կիսատ թողեց ճեպազրույցը լրագրողների հետ: Նախ լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ ինչ կարծիք ունի Փաշինյանի կողմից հոգևորականների և եկեղեցու դեմ տարվող արշավի մասին, մանավանդ որ շրջանառվում է, թե դա սահմանադրական կարգի տապալում է:

Գալյանն ի պատասխան նշեց, թե ստիպված է դասախոսություն կարդալ թե ինչ է սահմանադրական կարգի տապալումը: Երբ նախարարը սկսեց բացատրել, թե ինչ է սահմանդրական կարգի տապալումը, լրագրողները նշեցին, որ դասախոսությունը լսարանում կարդա և հարցերին պատասխանի ըստ էության:

«Արդեն որերորդ անգամ է, ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր՝ իրականում շատ տարօրինակ և անհարգալից պահվածքին: Եթե դուք ինձ հրավիրում եք հարցազրույցի, բարի եղեք, լսեք այն, ինչ ես եմ ասում եմ»,- ասաց նախարարը:

Գալյանը նշեց, որ Սահմանադրությամբ, երբ որևէ մարմնի կամ անձի, այդ թվում և իրավաբանական անձի մասին, ընդ որում եկեղեցին իրավաբանական անձ է, նշում է արված, դրա մասին խոսելը երբևէ որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում:

Ճշտող հարցին՝ Եկեղեցու գործերին միջամտելու իրավունք ո՞վ ունի, պետությունը ունի՞, Գալյանն ասաց. «Եկեք հարցը հետևյալ համատեքստում դիտարկենք՝ եկեղեցին սահմանադրական մարմի՞ն է, թե՝ ոչ»:

Երբ լրագրողները նրան ընդհատեցին, նախարարը կիսատ թողեց ճեպազրույցը: «Եթե բարի լինեք ու մյուս անգամ լսեք, ես Ձեզ ժամանակ կտրամադրեմ կպատասխանեմ»,- ասաց նա:

Երբ լրագրողները նրան ընդհատեցին ուր ասացին, որ նախարարը չի կարող այդպես խոսել իրենց հետ, Գալյանն ասաց, որ հրավիրում է բոլոր լրագրողների Արդարադատության նախարարություն էթիկայի դասընթացների, կազմակերպելու քննարկում իրավական լրագրության մասին:

Ինչին ի պատասխան լրագրողներից մեկն ասաց. «Գուցե Փաշինյանին հրավիրեք էթիկայի դասընթացների նման բառապաշարով խոսելու համար»:

  • Կիսվել: