չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է «Բարեվարքության ստուգում. հայաստանյան փորձ, ձեռքբերումներ և հեռանկարներ» աշխատաժողովին

Արդարադատության նախարարի տեղակալը մասնակցել է «Բարեվարքության ստուգում. հայաստանյան փորձ, ձեռքբերումներ և հեռանկարներ» աշխատաժողովին

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Բարեվարքության ստուգում. հայաստանյան փորձ, ձեռքբերումներ և բարելավման հեռանկարներ» խորագրով աշխատանքային քննարկում, որը կազմակերպվել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԵԽ երևանյան գրասենյակի ջանքերով։

Քննարկմանը մասնակցել են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը (հեռավար տարբերակով), Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազության ներկայացուցիչները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի և ԱՄՆ ՄԶԳ փորձագետները։

Փոխնախարար Գրիգորյանը ողջույնի խոսքում կարևորել է նման ձևաչափով քննարկումը՝ Հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն առավել տեսանելի դարձնելու, առկա խնդիրների վերաբերյալ բարձրաձայնելու հնարավորության և դրանց վերաբերյալ միասնական ընկալում ձևավորելու տեսանկյունից:

Անդրադառնալով հակակոռուպցիոն պայքարի Կառավարության ռազմավարական նպատակադրմանը և ժողովրդավարական ուժեղ ինստիտուտների ձևավորմանն ու դրանց անհրաժեշտ կարողություններով օժտելուն՝ փոխնախարարն ընդգծել է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծումն այդ ինստիտուցիոնալ համակարգի ճարտարապետության առաջին հաստատությունն է, և իր գործունեության կարճ ժամանակահատվածում այն ապացուցել է, որ այլևս կայացած ժողովրդավարական ինստիտուտ է, որն ամբողջությամբ իրականացնում է իր լիազորությունները:

Ամփոփելով խոսքը՝ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև միջազգային գործընկերներին, որոնք իրենց ավանդն են բերել և շարունակում են աջակցել Հանձնաժողովի կարողությունների զարգացմանը:

Աշխատաժողովի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը մասնակիցներին ներկայացրել է բարեվարքության ստուգման համակարգը, դրա իրականացման արդյունքները և այդ ուղղությամբ հետագա գործողությունները: 

Հաջորդիվ՝ ներկայացվել են այն պետական մարմինների կարծիքները, որոնք, պաշտոնի նշանակման վերաբերյալ որոշում կայացնելիս, ստացել և օգտագործել են Հանձնաժողովի կողմից ներկայացված բարեվարքության եզրակացությունները:

  • Կիսվել: