չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Արբիտրաժը Հայաստանում ոչ միայն կայանալու, այլև մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու խնդիր ունի․ մասնագետներն անդրադարձել են կարևոր հարցերի

Արբիտրաժը Հայաստանում ոչ միայն կայանալու, այլև մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու խնդիր ունի․ մասնագետներն անդրադարձել են կարևոր հարցերի

 Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը կարծում է, որ արբիտրաժը Հայաստանում ոչ միայն կայանալու, այլև մարդկանց իրազեկվածությունը բարձրացնելու և, որպես կառույց, ավելի հասկանալի դառնալու խնդիր ունի։

Երևանում կայացած հայ իրավաբանների համագումարում Մատինյանը հիշեցրեց, որ Արբիտրաժի և հաշտարարության կենտրոնն իր գործունեությունը սկսել է երեք տարի առաջ, և այդ ժամանակահատվածում կառույցի աշխատանքների մեջ մեծ ներդրում են ունեցել նաև սփյուռքահայ իրավաբաններն ու միջազգային գործընկերները։    

«Հայաստանի արբիտրաժի և հաշտարարության կենտրոնի ստեղծման համար ուսումնասիրվել է ավելի քան 30 երկրների փորձը։ Մեր կառույցի անկախության և անաչառության, պրոֆեսիոնալ կառավարման նպատակով ստեղծվել է կառավարման խորհուրդ, որը բաղկացած է ինը անդամից, որոնցից երկուսը սփյուռքի ներկայացուցիչներն են, մյուս յոթը ներպետական մարմինների, մասնավորապես մասնավոր սեկտորի, կրթական ինստիտուտների աշխատակիցներ են։ Մասնագիտական որակների ապահովման համար շատ կարևոր է ընդգծել, որ կենտրոնը ղեկավարվում է արբիտրաժային խորհրդի կողմից, որտեղ ներառված տասը մասնագետներից հինգը նույնպես սփյուռքի գործընկերներն են»,- տեղեկացրեց Մատինյանը։ 

Խոսելով արբիտրաժային կենտրոնի առավելությունների մասին՝ նա ընդգծեց, որ օրինակ վեճերը սովորաբար լուծվում են ողջամիտ ժամկետներում, առավել ևս, որ նախատեսված են երկու վարույթներ՝ արագացված և սովորական։ Առաջինի դեպքում, երբ ֆինանսական խնդիրը չի գերազանցում հինգ միլիոն դրամը, ապա վեճը լուծվում է 45-օրյա ժամկետում, իսկ երկրորդի դեպքում նախատեսված է վեճերը լուծել վեց ամսում։

«2023 թվականին տեղի է ունեցել շատ կարևոր օրենսդրական փոփոխություն, որի համաձայն՝ մինչև հինգ միլիոն դրամի վեճերը արբիտրաժային որոշման առկայության դեպքում ուղարկվում են դատական ակտերի հարկադիր կատարման մարմնին՝ անմիջապես իրականացվելու նպատակով, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծել արբիտրաժային վեճերն ավելի արագ և արդյունավետ քննելու համար»,- նշեց Մատինյանը։

Կարևորելով հատկապես սփյուռքահայ գործընկերների դերն արբիտրաժի կայացման գործում՝ նա առանձնացրեց երկու ուղղություն։ Առաջինը մասնագիտական աջակցությունն է, քանի որ կենտրոնն իսկապես կարիք ունի արհեստավարժ մասնագիտական փորձառության, ինչը կարող է նպաստել հաշտարարության մշակույթի տարածմանը ՀՀ-ում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ վեճերի լուծման այլընտրանքային տարբերակները մեզանում այդքան էլ ակտիվ չեն կիրառվում, ուստի միջազգային փորձը լավագույն կերպով կիրառելու կարիք կա։ Իսկ երկրորդ ուղղությունը, Մատինյանի ներկայացմամբ, այն է, որ վերոհիշյալ կենտրոնը կարևորում է արտասահմանում գործող և ՀՀ քաղաքացիություն ունեցող պրոֆեսիոնալ արբիտրների ներգրավումը ներհայաստանյան իրավական գործընթացներում։

«Շատ կարևոր է, որ մեր կենտրոնը լինի անկախ և հասկանալի, ու թեև նրա ղեկավարումը մի փոքր բարդ է, ժամանակային առումով որոշ խնդիրներ ստեղծող, բայցևայնպես, գործունեությունը բացարձակապես թափանցիկ է, շահառուների ու գործընկերների համար՝ կանխատեսելի իր վարքագծով»,- վստահեցրեց Մատինյանը։           

ԱՄՆ-ի Հայ փաստաբանների միության անդամ Ալեքսանդր Բեդրոսյանն իր հերթին նշեց, որ արբիտրաժի ճկուն գործունեությունն անշուշտ կարող է թեթևացնել հայաստանյան դատարանների ծանրաբեռնվածությունը, առավել ևս, որ այդ առումով կան կոնկրետ մեթոդներ։

«Առաջին դեպքում պետք է հնարավորինս շատ գործեր ուղարկվեն արբիտրաժ։ Երկրորդ՝ սնանկության գործերով կառավարիչները նույնպես պետք է ձգտեն վեճերը լուծել առավելապես արբիտրաժի միջոցով։ Երկարաժամկետ հատվածում կա ևս մեկ առավելություն․կայացած արբիտրաժային մշակույթը նպաստում է դատավորների թվաքականի ավելացմանը, և նրանք, ովքեր ուզում են դառնալ արհեստավարժ ու բարձրակարգ արբիտր, ապա կարիերայի սկզբում պետք է կուտակեն դատավորի կենսափորձ։ ՀՀ օրենսդրության շրջանակում օտարազգի արբիտրների ներգրավումն իրավական գործընթացում կարող է արդյունավետ լինել երկու առումով՝ նախ հանրահայտ արբիտրների կողմից վեճերի լուծումը հայկական դատավարական և արբիտրաժային իրավական նորմերի համաձայն՝ ավելի ներկայանալի կդարձնի մեզ ամբողջ աշխարհում, և երկրորդ՝ թափանցիկ դատավարական գործընթացները հայաստանյան իրավաբաններին կուսուցանեն, թե ինչպես կարելի է ավելի լավ ներկայացնել հայկական իրավունքի դրույթները»,- ասաց Բեդրոսյանը։   

Համագումարին ներկա գտնվող Մոսկվայի «Կոլեգի» փաստաբանների կոլեգիայի նախագահ, ՌԴ հայ իրավաբանների ընկերակցության ավագների խորհրդի նախագահ Ալեքսանդր Կոստանյանցը նույնպես կարևորեց արբիտրաժային դատարանի գործունեությունը՝ այն համարելով անկյունաքարային նաև միջազգային իրավունքի տեսանկյունից։

«Հատկապես տնտեսական բնույթի վեճերը մեր օրերում դարձել են առավել քան արդիական և շատ դեպքերում հրատապ լուծման կարիք ունեն։ Նախկինում տասնամյակներ շարունակ ԽՍՀՄ-ի մաս կազմող երկրները հեռու են եղել մասնավոր սեփականության կացութաձևից, իսկ հետխորհրդային շրջանում, երբ զարգացավ մասնավոր բիզնեսը, գործարարների միջև ի հայտ եկան բազմաթիվ իրավական խնդիրներ։ Նման պայմաններում արբիտրաժի դերն իսկապես ունի կենսական նշանակություն տնտեսվարող սուբյեկտների համար, հետևաբար պետք է շարունակ զարգացնել հաշտարար, միջնորդ դատավորի ինստիտուտը»,- ասաց Կոնստանյանցը։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում նա հավելեց, որ լինելով ոչ միայն պրակտիկ իրավաբան, այլև դասախոս, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր՝ չափազանց կարևորում է նաև իրազեկվածության խնդիրը հակակոռուպցիոն ծրագրերի մասով, ուստի մշակել է մեխանիզմ, որի միջոցով հնարավոր է առավելագույն արդյունավետությամբ իրականացնել լուսավորչական աշխատանքներ և ցույց տալ, թե ինչպես են տեսական դրույթները կիրառվում դատական գործընթացներում։ Կոստանյանցը հավաստիացրեց, որ համագործակցության շրջանում պատրաստ է ներկայացնել իր ամփոփ ծրագիրը։ 

  • Կիսվել: