հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Առանձին ենթամասնագիտացմամբ դատավորների ինստիտուտ ներդնելու նախագիծն ընդունվեց

Առանձին ենթամասնագիտացմամբ դատավորների ինստիտուտ ներդնելու նախագիծն ընդունվեց

ԱԺ-ն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՛՛ՀՀ դատական օրենսգիրք՛՛ սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ստեղծել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար ենթամասնագիտացված դատարաններ:

Կողմ քվեարկեց 82, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Նշենք, որ նախագծով նախատեսվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ունենալ առանձին դատավորներ, որոնք քննելու են բացառապես մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և ՀՀ տարածքում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու թույլտվությունների միջնորդությունները:

Առաջարկվում է ավելացնել դատավորների թիվը. առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների թիվն ավելանալու է 17-ով, որից առնվազն 8-ը՝ Երևանում:

Հաշվի առնելով մարզերի առանձնահատկությունները, քրեական գործերի ավելի քիչ ծանրաբեռնվածությունը՝ ի տարբերություն Երևանի, առաջարկվում էր, որ մարզերում քրեական գործեր քննող առանձին դատավորները՝ ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի, մասնագիտանան մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով:

 

  • Կիսվել: