Արամ Զաքարյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանը հունիսի 20–ին հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այդ մասին տեղեկանում ենք «Ազդարար» հարթակից։
«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Զաքարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,– ասված է հաղորդագրությունում։
Դատախազությունից նշում են նաև, որ Զաքարյանն իրավունք ունի ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն` ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Ըստ «Հետքի»` ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում Արամ Զաքարյանին առնչվող քրեական գործ է քննվում։ Նախկին պաշտոնյան մեղադրվում է այն բանի համար, որ իր պաշտոնավարման ժամանակ Արմավիրի պահպանության բաժանմունքի պետին հրահանգել է տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվելիք վարձավճարներից հափշտակել գումարներ՝ իրեն տալով հափշտակված գումարներից ամսական մասնաբաժին:
Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի պահպանության բաժանմունքի հաշվեհամարին փաստացի փոխանցման ենթակա, սակայն առանձին տնտեսվարող սուբյեկտներից նույն բաժանմունքի ջոկի հրամանատարի միջոցով առձեռն ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր մոտ 17 մլն 639 հազ․ դրամ գումարից Արամ Զաքարյանի կողմից փաստացի յուրացվել է 18.000 ԱՄՆ դոլարին համարժեք 8 մլն 679 հազ․ դրամ։ Նույն քրեական գործով անցնում է նաև ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանը, որը պաշտոնավարել է Արամ Զաքարյանից առաջ։
Հիշեցնենք` Արամ Զաքարյանը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցրել է 2016-2018 թվականներին:
ՊՊԳ վարչության նախկին պետ Արամ Զաքարյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
ՊՊԳ վարչության նախկին պետ Արամ Զաքարյանին 025թ․ հունիսի 20-ին հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի...