Առաջնորդ լինելը որոշում է ու կամք. Աննա Վարդապետյան
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մայիսի 30-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, մասնակցել է Դպրոցի 15-ամյակին նվիրված ավարտական միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, Դպրոցի դասախոսներն ու ուսանողները:
Աննա Վարդապետյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ «Առաջնորդության դպրոց»-ը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և ընդգծել, որ առաջնորդ լինելը որոշում է ու կամք: «Ձեր կամքը փորձության է ենթարկվելու՝ հաճախ ձեր ամենամտերիմ մարդկանց կողմից, և այնպիսի պահերի, երբ չեք սպասում: Առաջնորդները, սակայն, երբեք չեն հանձնվում: Վստահեցնում եմ՝ հուսահատության ժամանակ կամքն է, որ ուղղում է ձեր մեջքն ու ստիպում առաջ գնալ, շարունակել այն ճանապարհը, որին հավատում եք»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազն ու կրկին ընդգծել, որ «չեմ կարողներն» ու «չեմ ուզումները» հաղթահարվում են որոշման ու կամքի ուժով: