ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձը հավելավճարի տեսքով կբարձրանա ևս 60 տոկոսով

Առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձը հավելավճարի տեսքով կբարձրանա ևս 60 տոկոսով

Դատավորների աշխատավարձը կբարձրանա: Այդ մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ անդրադառնալով այն քննարկմանը, թե արդյոք պետք է դատավորների թի՞վն ավելացնել, թե՞ նրանց աշխատավարձը բարձրացնել:

«Քաղաքական որոշում կայացվեց, որ այս փուլում դեռևս միայն անդրադառնանք դատավորների աշխատավարձերի բարձրացմանը, քանի որ քննությունները ցույց էին տալիս, որ դիմորդների առանձնապես մեծ հոսք չկա, կա ցանկություն՝ ներգրավվելու դատական կազմերում, բայց շատ չեն այդ դիմորդները: Եվ այստեղ երկու մոտեցում կար՝ արդյոք պետք է բարձրացնել բոլո՞ր դատավորների աշխատավարձը, թե՞ ամենածանրաբեռնված օղակին անդրադառնանք»,- ասաց Մինասյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ դատավորների, ԱԺ ներկայացուցիչների, գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ մի քանի քննարկումներ են եղել, և մեծ մասն ընդունել է, որ ամենածանրաբեռնվածը հենց առաջին ատյանի դատավորներն են:

«180 դատավոր ունենք առաջին ատյանում, և որոշում կայացվեց այս փուլում ավելացնել նրանց աշխատավարձը, նոր կանդրադառնանք մյուս օղակներին»,- ասաց Մինասյանը:

Ավելի վաղ 2022-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանն ասաց, որ առաջին ատյանի դատավորների աշխատավարձը հատուկ վճարով այս տարի դարձել է մոտ 700 հազար դրամ, և նախատեսվում է այն հավելավճարի տեսքով ավելացնել ևս 60 տոկոսով:  

  • Կիսվել: