երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
Առաջարկվում է հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետբյուջեի հաշվին մասնագիտական պատրաստում անցնողներին կրթաթոշակ վճարելու կարգավորումները

Առաջարկվում է հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետբյուջեի հաշվին մասնագիտական պատրաստում անցնողներին կրթաթոշակ վճարելու կարգավորումները

Առաջարկվում է օրենքից հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու և դրան ուղղակիորեն վերաբերող կարգավորումները: ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում սեպտեմբերի 3-ին քննարկման ներկայացնելով՝ ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ ակադեմիայի ռեկտորն ակադեմիայում դասավանդման գործընթացին ներգրավված անձանց հետ պետք է կնքի նաև աշխատանքային պայմանագրեր:

Ակնկալվում է, որ ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում, ծախսերում նախատեսվում է փոփոխություն՝ նվազեցման տեսքով: Մասնավորապես, 2025 թվականին մասնագիտական վերապատրաստում անցնող ունկնդիրներին տրամադրվող կրթաթոշակի ընդհանուր չափը ՀՀ 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 44,169.2 հազար ՀՀ դրամ: Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում նախատեսվում է այդ գումարը տնտեսել:

Առաջին ընթերցմամբ քննարկված օրենքի նախագծին հանձնաժողովը  դրական եզրակացություն է տվել: Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում: Հանձնաժողովը մինչև 2 ամսով հետաձգել է ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

  • Կիսվել: