երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Առաջադրված մեղադրանքը կապ չունի դատավորի կարգավիճակի հետ և անձեռնմխելիություն չի պահանջվում. Ռուստամ Բադասյան

Առաջադրված մեղադրանքը կապ չունի դատավորի կարգավիճակի հետ և անձեռնմխելիություն չի պահանջվում. Ռուստամ Բադասյան

Կա քրեական գործ և դրանք պետք է քննվեն արդյունավետությամբ, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործին: Նա շահարկումներ համարեց ՍԴ նախագահին առաջադրված մեղադրանքը ՍԴ դատավորների վաղ կեսնաթոշակի անցնելու մասին օրենքի հետ կապելը:

«Միշտ կարելի է զուգահեռներ տանել. Եթե հունվարին լիներ սա, կասեին վաղ կենսաթոշակի մասին օրենքը ուժի մեջ է մտնում, դրա համար են անում, կամ եթե ընդհանրապես օրենքը չլիներ ու քրեական գործ հարուցվեր, կասեին՝ այդպես են անում, որ վերահսկելի Սահմանադրական դատարան ունենան: Այս խոսակցությունները ես համարում եմ որպես շահարկումներ», -հայտարարեց նախարարը:

Հարցին, թե անհրաժեշտ չէ՞ ՍԴ թույլտվությունը Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու հարցում, Բադասյանը պատասխանեց. «Որքանով տեղյակ եմ, գործը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, այլ վերաբերում է պարոն Թովմասյանի նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին: Այդ պատճառով Սահամանդրական դատարանի թույլտվություն քրեական հետապնդման համար չի պահանջվում: Այդ մասով ՍԴ դատավորը անձեռնմխելիություն չունի»: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

  • Կիսվել: