երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արա Բաբլոյանի գործով գլխավոր դատախազությունը հատուկ ցուցում է տվել ՀՔԾ-ին

Արա Բաբլոյանի գործով գլխավոր դատախազությունը հատուկ ցուցում է տվել ՀՔԾ-ին

 Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան, փաստաբան Արամ Վարդևանյանը դեռևս չի որոշել պատրաստվո՞ւմ է դատական կարգով բողոքարկել Գլխավոր դատախազությունից մերժում ստանալու որոշումը, թե ոչ:

«Այդ հարցը դեռևս քննարկման փուլում է արդյունքների մասին կտեղեկացնենք: Բայց մի բան կարող եմ ասել՝ Գլխավոր դատախազությունը, ճիշտ է, մերժել էր մեր բողոքը, բայց մեր բարձրացրած հարցադրումների կապակցությամբ և ի պաշտպանություն մեր կողմից ներկայացված հիմնավորումների՝ ցուցում էր տվել Հատուկ քննչական ծառայությանը՝ ապահովել բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ քննություն: Ի դեպ, ես հաճախ չեմ տեսնում նման դիրքորոշում Գլխավոր դատախազության կողմից, բայց ես փաստն եմ արձանագրում», PrimeNews.am-ին ասաց Արա Բաբլոյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Հատուկ քննչական ծառայությունը նրա խափանման միջոց էր ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը։ Նա հայտարարել էր, որ մեղադրանքը չի ընդունում։ Բաբլոյանի փաստաբանը դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով դադարեցնել նախկին պաշտոնյայի նկատմամբ քրեական հետապնդումը: Դատախազությանն ուղղված դիմումում փաստաբանը բարձրացրել էր Արա Բաբլոյանի՝ որպես ԱԺ նախագահի գործառույթային անձեռնմխելիության հարցը:

Վարդևանյանն ասաց, որ նախաքննությունն ընթանում է, քննչական գործողություններ են կատարվում, իսկ մեղադրանքը իրենց համար շարունակում է անհասկանալի մնալ:

«Իշխանության յուրացման մեղադրանքը ամբողջությամբ անհիմն մեղադրանք է: Չկա Սահմանադրությամբ չնախատեսված կարգով գործողությունների կատարում: Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը հստակ նախատեսում է՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը լինի չնախատեսված եղանակով: Ենթադրենք՝ Ազգային ժողովն է ընտրող սուբյեկտը, պատկերացրեք այլ ճյուղ որոշեր ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ: Այ դա կլիներ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակը, այսինքն՝ իշխանության յուրացումը: Բացի այդ, կա նաև ամսաթվերի հետ կապված խնդիրը՝ առանց դիտարկելու այն, որ փաստացի վերջնական արձանագրությունը կազմվել է մարտի 12-ին:

Դա է ամենակարևոր հանգամանքը, այսինքն՝ ե՞րբ է ի վերջո դադարել լիազորությունը: Իսկ դա մարտի 12-ն էր: Իսկ ԱԺ կանոնակարգ նախորդ օրենքի կիրառելիության հետ կապված պնդումները ակնհայտ անհիմն են, քանի որ դա երբևէ չի գործել: Մի օրինակ եմ ուզում ներկայացնել՝ ԱԺ-ի կողմից ընտրված սուբյեկտներից է ինչպես Սահմանադրական դատարանի նախագահը, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանը: 2016-ին երբ Պաշտպանը հրաժարական էր ներկայացրել, ԱԺ նախագահը առաջնորդվել էր ոչ թե ԱԺ կանոնակարգ օրենքի 97-րդ հոդվածով, այլ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: Հետևաբար այդ դրույթը երբևէ կիրառելի չէր: Այս դեպքում պետք է կիրառելի լիներ Սահմանադրական դատարանի մասին ոչ սահմանադրական օրենք, քանի որ նոր՝ սահմանադրական օրենքը դեռ ուժի մեջ չէր մտել: Իսկ Սահմանադրական դատարանի մասին հին օրենքը նախատեսում էր տասնօրյա ժամկետ և եթե մարտի 1-ից տասը օրը հաշվարկենք, ժամկետների տեսանկյունից համահունչ է», -ներկայացրեց Վարդևանյանը:

Փաստաբանի խոսքով, իրենք առաջանորդվելու են միայն իրավական ճանապարհով և այդպիսով փորձելու են բացահայտել «կիրավական խութերը»:

  • Կիսվել: