Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործով դատարանի որոշումը կհրապարակվի այսօր
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան-Նոր Նորք նստավայրում, նախագահությամբ՝ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր տեղի ունեցավ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական նիստը։
Նիստին Բաբայանի պաշտպաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը միջնորդություն ներկայացրին դատարանին՝ Բաբայանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել։
Դատարանի որոշումը կհրապարակի այսօր 17։30-ին։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Բաբայանը 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետրեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։
Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով: