ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ապրիլի 1-ի դրությամբ այս տարի ապօրինի հատվել է 772 ծառ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 1183-ի դիմաց

Ապրիլի 1-ի դրությամբ այս տարի ապօրինի հատվել է 772 ծառ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ 1183-ի դիմաց

Անտառավերականգնման զգալի աշխատանքներ են նախատեսված այս տարի: Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը:

Նրա խոսքով, 2022 թվականի համար պետական բյուջեից արդեն 413 մլն դրամ հատկացվել է անտառավերականգնման ու անտառապատման աշխատանքներին: Պետական բյուջեի միջոցներով այս տարի նախատեսվում է շուրջ 130 հա անտառապատման աշխատանք, 77 հա կոճղաշիվային վերաճի օժանդակում: Դրանից բացի, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այս տարի սկսվել է անտառապատման մեծ ծրագիր: Այն 8 ամյա ծրագրի է, որի շրջանակում 5700 հա  անտառապատման աշխատանքներ են իրականացվելու: Այս տարի անտառապատման աշխատանքներ իրականացվելու են շուրջ 1300 հա տարածքում: Կառավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականն ավելացել 50 հազար հա անտառածածկ տարածք:

Անտառվերականգնման աշխատանքներին զուգահեռ Անտառային կոմիտեի ուշադրության կենտրոնում են մարդկային գործոնով պայմանավորված խնդրահարույց հարցերը, մասնավորապես, ապօրինի ծառահատումները: Վլադիմիր Կիրակոսյանը նշեց, որ 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ 2021 թվականի ապրիլի 1-ի համեմատ ապօրինի ծառահատումների ցուցանիշում նվազման միտում է նկատվում: Մասնավորապես, եթե 2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ապօրինի հատվել էր 1183 ծառ, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածում՝ 772 ծառ:

Հիմնական ապօրինի հատումները բիզնես նպատակով են: Նվազումը Վլադիմիր Կիրակոսյանը պայմանավորում է ինչպես վերահսկողության ուժեղացմամբ, այնպես էլ տեղի բնակիչների հետ աշխատանքով:  Նվազման ցուցանիշը չի բավարարում պատասխանատու կառույցներին, առաջիկայում շարունակելու են ուժեղացված վերահսկողությունը:

Վլադիմիր Կիրակոսյանը տեղեկացրեց, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են նախատեսում անտառապահպանության գործընթացում: Հիմքում դնելու են տեխնոլոգիական նոր լուծումները, նորագույն սարքավորումները:  

  • Կիսվել: