կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները խրախուսվում են ու շարունակվում

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումները խրախուսվում են ու շարունակվում

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման, նաև հասարակական կարգի անվտանգության ապահովման երաշխիքներից մեկն էլ քաղաքացիների մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի առգրավումն է, և այդ ուղղությամբ ոստիկանությունը շարունակում է նպատակային քարոզչական աշխատանքը: Վերջին օրերին ոստիկանության տարածքային ստորաբաժանումների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպքերից առանձնացրել ենք մի քանիսը:

Շինուհայր գյուղի 49-ամյա բնակիչը ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնել է ատրճանակ-գնդացիր: Նա հայտնել է, որ այն հայտնաբերել է իր տան նկուղում՝ 1992 թ. պատերազմում զոհված հորեղբոր սնդուկի միջից:

Հունվարի 8-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ աղբյուրի մոտ թողել է զենք, որը հետը բերել էր 44-օրյա պատերազմից հետո: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գնդացիր և տարբեր տրամաչափի 18 փամփուշտ:

Հունվարի 10-ին ոստիկանության Իջևանի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, թե քաղաքային աղբավայրի մոտ է թողել վերջին պատերազմից հետը բերած զենք-զինամթերքը:

Մեկնած իրավապահները նշված վայրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել են նռնակ` պայթուցիչով, երկփողանի ողորկափող հրացան և ինքնաձիգի 182 փամփուշտ:

Հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: