ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ապօրինի գույքի վերադարձի համար ներդրված գործիքի կայացման համար պահանջվում է 7-10 տարի. Մենք արագ ենք գործել. Գալյան

Ապօրինի գույքի վերադարձի համար ներդրված գործիքի կայացման համար պահանջվում է 7-10 տարի. Մենք արագ ենք գործել. Գալյան

ՀՀ-ում ներդրել ենք մի գործիք, որը շատ կարճ ժամանակահատվածում կարողացել է ապահովել դեպի ՀՀ ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արդարադդատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նրա խոսքով՝ այդ գործիքի արդյունավետության գնահատման  չափանիշը նայելն ու տեսնելն է, թե գործիքի կիրառումն ինչպիսի  հաջողություն ունի արտասահմանյան երկրներում. «Եթե դիտարկեք արտասահմանյան երկրների փորձն այս առումով, կտեսնեք, որ գործիքի կայացման և գույքերի վերադարձման համար պահանջվում է որոշակի  կոնկրետ ժամանակահատված, որը տատանվում է 7-10 տարիների ընթացքում։ Այսինքն՝ այդքան պետք է, որպեսզի համանման գործիքի ներդրումից հետո այն կարողանա աշխատել, և կարողանանք չափել այդ գործիքի արդյունավետությունը։

Մենք կարողացել ենք շատ արագ տեմպով ապահովել արդյունավետություն, կարծում եմ՝  5 մլրդ դրամի վերադարձի մասին խոսելը քիչ չէ՝  հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ այսօր դատարաններում գտնվում են բազմաթիվ գործեր՝ մոտ 120, որոնցով ակնկալվում է ՀՀ վերադարձնել  շատ ավելի մեծ քանակությամբ գույք, դրամական միջոցներ»,-ասաց Գալյանը:

Նախարարը շեշտեց, որ մարդիկ, անհամբեր լինելով, ցանկանում են, որ ամեն ինչ հենց այսօր տեղի ունենա. «Իրականում՝ ոչ, եթե մենք ընտրել ենք իրավական ճանապարհը, ապա ժամանակ է պետք։ Մենք նստած չենք եղել, պետությունն աշխատել է այդ ուղղությամբ, ինչի արդյունքում էլ այսօր կարողանում ենք խոսել այն գույքերի և դրամական միջոցների ծավալի մասին, որը արդեն իսկ վերադարձվել է ՀՀ-ին»:

  • Կիսվել: