ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Թրամփը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության են եկել մաքսատուրքերի շուրջ

Թրամփը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության են եկել մաքսատուրքերի շուրջ

Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել Վաշինգտոնի սահմանած մաքսատուրքերի շուրջ: Այս մասին Truth Social-ի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է Reuters-ը:

Նա, մասնավորապես, գրել է. «Միացյալ Թագավորության հետ համաձայնագիրն ամբողջական և համապարփակ փաստաթուղթ է, որը կամրապնդի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության հարաբերությունները: Հաշվի առնելով մեր վաղեմի պատմությունն ու միմյանց հանդեպ նվիրվածությունը՝ մեզ համար մեծ պատիվ է առաջին համաձայնագիրը կնքել հենց Միացյալ Թագավորության հետ: Դրան կհաջորդեն բազմաթիվ այլ գործարքներ, որոնք բանակցությունների լուրջ փուլում են»։

Ըստ Reuters-ի՝ համաձայնագրի նախագծի համաձայն՝ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան պարտավորվում են փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը: Ամերիկյան կողմը նաև համաձայնել է նվազեցնել բրիտանական արտադրության ավտոմեքենաների, պողպատի և ալյումինի 25 տոկոս մաքսատուրքը:

Փոխարենը Լոնդոնը կարող է նվազեցնել ամերիկյան ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերը, ինչպես նաև առցանց առևտրի լրացուցիչ հարկերը:

 

  • Կիսվել: