երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Ապօրինի արդյունահանում՝ ձկնաբուծարան կառուցելու քողի տակ․ նոր բացահայտում

Ապօրինի արդյունահանում՝ ձկնաբուծարան կառուցելու քողի տակ․ նոր բացահայտում

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը ապօրինի արդյունահանման վերաբերյալ: Ըստ տեղեկության` սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, Մասիս համայնքի ղեկավարի որոշմամբ մեկ այլ ընկերությանը տրված ձկնաբուծական ջրավազանի կառուցման շինթույլտվության քողի տակ, Զորակ գյուղում գտնվող չորս հեկտար հողամասում 2023 թվականի հուլիսից մինչ օրս առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում:
Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ ութ հազար խորանարդ մետր ավազակոպճային հանույթը Սայաթ-Նովա գյուղում ապօրինի կառուցված լվացման և տեսակավորման կետից իրացվել է շուրջ 46 միլիոն դրամով: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և հողը փչացնելու հատկանիշներով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: