Անչափահասներին թմրանյութ իրացնողը հայտնաբերվել է
Հունվարի 8-ին ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները թմրանյութերի անօրինական շրջանառության հերթական դեպքն են բացահայտել:
Ժամը 17.30-ի սահմաններում անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով «Հունդայի Էլանտրա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են ներկայացրել Գավառ քաղաքում բնակվող երկու անչափահասի։
Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված է եղել և այրվածքի հետքերով պլաստմասե տարա։
Ավելի ուշ պարզվել է՝ անչափահասներից մեկին կանեփանման զանգվածն իրացրել է Գավառ քաղաքի Անդրանիկի փողոցի 22-ամյա մի բնակիչ։
Կասկածվողը նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության Գավառի բաժին։ Ժամեր անց նա իրենց տանը կից ցախանոցից իրավապահներին ներկայացրել է կանեփանման չորացված-մանրացված զանգված՝ հայտնելով, որ թմրամիջոցը պատրաստել է իրենց հողամասում աճեցրած կանեփի թփերից։
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: