չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Փետրվարի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին։
 
Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ ընդգծելով կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, խտրականության դեմ պայքարի կարևորությունը։
 
Միաժամանակ, Պաշտպանը խոսել է քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտներում առկա խնդիրների, կալանքի կիրառման, ինչպես նաև «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի ընդունման, իրավահավասարության և հակախտրականության, անձնական տվյալների պաշտպանության ոլորտներում առկա մարտահրավերների մասին:
 
Այս համատեքստում Պաշտպանը կարևորել է նաև կրթական բարեփոխումների և հանրային իրազեկման արշավների նշանակությունը։
 
Դեսպանը կարևորել է ՄԻՊ հաստատության գործունեությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման հարցում։
 
Հանդիպման ավարտին կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը` մարդու իրավունքները խթանելու ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու հարցում:

  • Կիսվել: