շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Ամենասուր թիվ մեկ հիմնական խնդիրն օր առաջ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները փակելն է. Գալյան

Ամենասուր թիվ մեկ հիմնական խնդիրն օր առաջ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները փակելն է. Գալյան

Այս պահի դրությամբ ամենասուր թիվ մեկ հիմնական խնդիրն օր առաջ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն փակելն է: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ՝ 2024 թվականի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին, ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

««Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հետ կապված՝ ունենք արդեն իսկ գրանցված հաջողութուն, որովհետև առողջապահության նախարարության հետ աշխատանքի շնորհիվ կարողացել ենք (վատ կհնչի այդ բառը) «տեսակավորել» շահառուներին, որոնք պետք է ուղարկվեն այլ տեղեր՝ պատիժ կրելը շարունակելու: Նրանց մի մասը կտեղափոխվի Նուբարաշենի հոգեբուժական համապատասխան կենտրոն, որպեսզի շարունակի պատիժ կրել, իսկ մյուս մասը կտեղափոխվի «Արմավիր» ՔԿՀ-ի ստացիոնար բաժանմունք: Հույս ունեմ՝ այս ծրագիրը մինչև սեպտեմբեր կիրականացնենք, այդպիսով կփակենք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի խնդիրը փոքր-ինչ այլ է, ավելի բարդ է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այնտեղ պատիժ կրող, անազատության մեջ գտնվող անձինք շատ են՝ 500-ը գերազանցում են, և մենք իրապես կարիք ունենք նոր շենքային պայմանների:

Խորհրդակցելով քաղաքաշինության բնագավառի մեր գործընկերների հետ՝ դիտարկել ենք կարճաժամկետ լուծման հնարավոր տարբերակ, որը ծախսային տեսանկյունից ավելի արդյունավետ է. դա «Էրեբունի» ՔԿՀ-ի հնարավոր վերանորոգումն է, որը մեզնից կպահանջի ավելի նվազ միջոցներ, կլինի ավելի արագ, և հնարավորություն կտա ավելի շուտ փակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ն:

Բայց սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մեր մեծ գաղափարից, որն է՝ նոր, բոլոր միջազգային ստանդարտներին համապատասխանող ՔԿՀ ունենալը, և մենք այս աշխատանքները տանում ենք զուգահեռ»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: