հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Աջափնյակում կրակոցների գործի շրջանակներում Երևանում լայնածավալ խուզարկություններ են իրականացվում

Աջափնյակում կրակոցների գործի շրջանակներում Երևանում լայնածավալ խուզարկություններ են իրականացվում

ՆԳՆ Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում իրականացնում են խուզարկություններ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնեցին ՆԳՆ-ից:

Քննչական կոմիտեից էլ նշել են. «Փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվում են քննչական գործողություններ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին՝ ժամը 15-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բակերից մեկում վիճաբանություն է, և որ կրակոցի ձայներ են լսվել։ Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության և ՔԿ ծառայողները պարզել են, որ ԲԿ-ներ են տեղափոխվել դանակահարված և հրազենային վնասվածքներով անձինք։ Նրանցից մեկը՝ 45-ամյա Ա․Վ․-ն, հիվանդանոցում մահացել է։

Իրավապահների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի մասնակից անձանց շրջանակը․ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Առողջապահության նախարարությունից էլ հայտնել էին, որ միջադեպի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: 1 քաղաքացի մահացել է, 3-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, 3-ինը՝ ծանր:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, ձերբակալման որոշում է կայացվել:

  • Կիսվել: