երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահի «Հայերին վռդնել շների պես» արտահայտությունը պատերազմի ընթացքում դարձել էր մոբիլիզացնող նշանաբան. ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի «Հայերին վռդնել շների պես» արտահայտությունը պատերազմի ընթացքում դարձել էր մոբիլիզացնող նշանաբան. ՄԻՊ

Ադրբեջանում բարձր է հայատյացության և հայերի նկատմամբ թշնամանքի կազմակերպված քարոզի աստիճանը։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այս պայմաններում դուք պատկերացնո՞ւմ եք խաղաղ գոյակցություն, բա ընթացիկ հոգեկան տառապանքնե՞րը, և նրանք արհեստական ձևով ձգձգում են գերիների հարցը և սա նույնպես հոգեկան բռնության ձև է, տեսեք՝ ինչքան է այս հարցը ազդում հայկական ներքին կարգավիճակի վրա, այս պայմաններում խաղաղ գոյակցություն հնարավոր չէ, նրանք նվաստացնում են մեր արժանապատվությունը ամեն օր»,- ասաց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նաև նշեց՝ հայատյացությունը կարևոր ցուցիչ է այն մասին, խաղաղ գոյակցությունն անհնար է, ադրբեջանական կողմը էթնիկ հիմքով մարդասպանություն է կատարում:

Պաշտպանն ընդգծեց, որ միջազգային հանրության արձագանքը խիստ կարևոր է, և մենք ինքներս վերջում պետք է մեզ հարց տանք՝ արդյո՞ք մենք խաթարել ենք սահմանում գտնվող մարդկանց կյանքը:

Մարդու իրավունքների պաշտպանը ասուլիսի ընթացքում ներկայացրեց ատելություն պարունակող կամ հայատյացությունը խրախուսող ձևակերպումներ, հանրային խոսքից մեջբերումներ, որոնք ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Օրինակ՝ «Հայաստանը արժեք չունեցող երկիր է։ Դա իրականում գաղութ է, արտասահմանից ղեկավարվող տարածք։ Այն Ադրբեջանի հինավուրց հողերի վրա ստեղծված արհեստական պետություն է», «Ադրբեջանի զինվորները հայերին վռդում են շների պես»։

Վերջինն, ըստ Թաթոյանի, Ադրբեջանի նախագահը ասել էր արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դարձել էր ադրբեջանցիներին ոգեշնչող կարգախոսներից մեկը։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուսումնասիրել է նաև սոցիալական ցանցերը և այլ տիրույթներ, որտեղ նույնպես առկա են հայատյացություն պարունակող ձևակերպումներ։

«Ինչպես արդեն ասացի, Ադրբեջանի նախագահի «Հայերին վռդնել շների պես» արտահայտությունը պատերազմի ընթացքում դարձել էր մոբիլիզացնող նշանաբան և հեշթեգ ամբողջ աշխարհի ադրբեջանցիների շրջանում»,- ասաց Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը ապացույցների հաջորդ խումբը ցուցադրեց տեսանյութերի տեսքով, որոնք վերաբերում են հայ գերիների գլխատմանը, ականջ կտրելուն և ծեծի ենթարկելուն։

 «Մեզ համար կարևոր նշանակություն ունի այն, որ այդ զինվորները, որոնք խոշտանգել են մեր հայրենակիցներին, հայկական կողմի քաղաքացիական անձանց, զինծառայողներին, օգտագործում են այն նույն բառերը, ինչ Ադրբեջանի նախագահը։ Սրանք ուղիղ կապի մեջ են»,- ընդգծեց Թաթոյանը։

  • Կիսվել: