չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել. Փաշինյանը՝ անհայտ կորածների հարցով հարազատների հետ պայմանավորվածության մասին

ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել. Փաշինյանը՝ անհայտ կորածների հարցով հարազատների հետ պայմանավորվածության մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհետ կորած զինվորների հարազատներն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխության փաստի առնչությամբ անհանգստանալու կարիք չունեն, քանի որ անհետ կորածների և գերիների հետ կապված հարցերի շուրջ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։  

Այս մասին վարչապետը նշել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին այն մասին, որ անհետ կորած զինվորների հարազատներն անհանգստացած են Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխությամբ և հանդիպում են պահանջում վարչապետի հետ, հայտնեց, որ անհետ կորած զինվորների ծնողների ու հարազատների հետ հանդիպում է ունեցել հունիսի 6-ին։

«Ինչպես նախկինում, այդ անգամ ևս մեր հանդիպումները չեն լուսաբանվում, և այդ հանդիպման ընթացքում մենք ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություն․ իրենք ինձ տվել են 5 կոնկրետ հարց, մենք պայմանավորվել ենք, որ այդ 5 հարցերով ես անձամբ կզբաղվեմ և հենց այդ հանդիպման ժամանակ ասել եմ, որ հարցերը փոխանցելուց ուղիղ երկու ամիս անց տեղի կունենա մեր մյուս հանդիպումը, որպեսզի ես այս բոլոր հարցերին պատասխանեմ»,-նշեց Փաշինյանը։ 

Վարչապետը վստահեցրեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել, քանի որ, ի վերջո, կա ինստիտուցիոնալ կառույց, և պայմանավորվածությունները որևէ ձևով փոփոխություն չեն կրում։

«Ես արդեն այդ 5 հարցերի հետ կապված տվել եմ հանձնարարականներ, և ինչպես պայմանավորվել ենք, կհանդիպենք երկու ամիս անց՝ այդ հարցերի պատասխանները ստանալու համար։ Նրանց կողմից բարձրացված ամենասուր հարցերով անձամբ ես կզբաղվեմ»,-ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ այդ հանդիպմանը որևէ այլ պաշտոնյա չի եղել։

Վարչապետը հավելեց, որ անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպել է արդեն մի քանի տասնյակ անգամ, որոնցից, ըստ վարչապետի, որևէ մեկը չի լուսաբանվել։ 

«Եթե խոսք է գնում անհանգստության մասին, ապա անհանգստանալու որևէ բան չկա, որովհետև այն, ինչ մենք պայմանավորվել ենք, այդ ամենը, բնականաբար, ուժի մեջ է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

 

  • Կիսվել: