ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱԱԾ-ն առգրավել է Վերաքննիչ քրեական դատարանի մի քանի համակարգիչ

ԱԱԾ-ն առգրավել է Վերաքննիչ քրեական դատարանի մի քանի համակարգիչ

Այսօր առավոտյան տեղեկություններ ստացվեցին, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները մտել են Վերաքննիչ քրեական դատարանի շենք և մի քանի համակարգիչներ առգրավել։

Պատճառը՝ ըստ Factor.am-ի աղբյուրի՝ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն է, որը վերաբերում է դատավորներին գործերի մակագրմանը:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ տարվել է նաև համակարգիչը, որով գործերն ավտոմատ համակարգի միջոցով մակագրվում էին դատավորներին։ Մանրամասներ փորձեցինք ճշտել Բարձրագույն դատական խորդրդից, սակայն լրատվության բաժնի պետ Լիլիթ Շաբոյանը FactorTV-ի հարցին ի պատասխան նշեց, որ որևէ մեկնաբանություն չունի և հորդորեց բոլոր հարցերն ուղղել ԱԱԾ-ին։ Ծառայության լրատվության բաժինը մեր զանգերն անպատասխան թողեց։

Իրականացված գործողությունների մասին Վերաքննիչ դատարանի աշխատակիցները ևս տեղեկություններ չունեին։ Factor.am-ը փորձեց կապ հաստատել դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի հետ, սակայն՝ անարդյունք։ Աշխատակազմը, տեղեկանալով, որ զանգահարողը լրագրող է, հորդորեց կրկին փորձել, պատճառաբանելով, թե Սահակյանը զբաղված է։



  • Կիսվել: