հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասին

6 անձ կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք․ ՔԿ-ն՝ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ՔՊ քարոզչությանը խոչընդոտելու դեպքի մասին

Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
 
Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
 
Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը տելեգրամյան իր ալիքում տեսանյութ էր հրապարակել և կից գրել․ «Կալուգացի օլիգարխի ցուցումով Մեծավանում մեր երթը խոչընդոտելու ևս մեկ անհաջող փորձ, որը, բնականաբար, չստացվեց:
 
Քաղաքական դասը ձեզ ցուցում տվողներին ենք տալու:
 
Նիկո՛լ, վարչապե՛տ»:

  • Կիսվել: